COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր երկրի համար ամենածանր ժամանակներում»։
Փաշինյանն անդրադարձել է նաև 1990-ականներին Հայաստանում բնության ռեսուրսների չարաշահմանը՝ խոսելով ծառահատումների և շրջափակման պայմաններում առաջացած խնդիրների մասին։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ եթե Հայաստանի իշխանությունների համար բնության պահպանությունն իսկապես առանձնահատուկ պատասխանատվություն է, ապա ինչո՞ւ նույն պատասխանատվության մասին խոսելիս չի բարձրաձայնվում Հայաստանի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող գործընթացների մասին։
Այս հարցը հոկտեմբերի 19-ին լրագրողները ուղղել են Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ «ՀՀ տարածքը 29 743 քառ․ կմ է, և այդ տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ, որովհետև մենք չենք պատրաստվում 29 743 քառ․ կմ-ից դուրս տարածքների համար որևէ գործողություն իրականացնել»,- պատասխանել է նա։
Խոսքը, մասնավորապես, «Շիկահող» պետական արգելոցի հարակից տարածքների մասին է։ Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում։ Այն հիմնադրվել է 1958 թվականին, իսկ տարածքը կազմում է շուրջ 10 330 հեկտար։
Ադրբեջանական ուժերը այս հատվածում առաջին անգամ առաջացել են 2021 թվականին՝ Ներքին Հանդի ուղղությամբ։ Այդ ժամանակից ի վեր սահմանամերձ արգելոցային հատվածներում ձևավորվել են ադրբեջանական մարտական դիրքեր և դրանք միմյանց կապող ճանապարհներ։
Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորականները հատում են ծառերը, օգտագործում փայտանյութը ինչպես շինարարական աշխատանքների, այնպես էլ վառելիքի համար, իսկ անտառային տարածքներում կառուցում են գետնափոր կացարաններ։ Բնակիչների պնդմամբ՝ խնդիրը միայն ծառահատումները չեն։ Նրանք նաև ահազանգում են վայրի կենդանիների որսի մասին՝ նշելով, որ ադրբեջանցիները որսում են Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, այդ թվում՝ բեզոարյան այծեր և արջեր։
Այսպիսով, ստացվում է ուշագրավ հակադրություն․ մի կողմից՝ COP17-ի հարթակից Հայաստանի վարչապետը խոսում է բնության հանդեպ «առանձնահատուկ պատասխանատվության» մասին, հիշատակում նույնիսկ 1990-ականների ծառահատումները, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ 29 743 քառ․ կմ-ից դուրս գտնվող տարածքներում տեղի ունեցողը իր ուշադրության կենտրոնում չէ։
Արբանյակային լուսանկարների միջոցով տարածքը մշտադիտարկող անտառագետ Այսեր Ղազարյանի տվյալներով՝ Ադրբեջանն արդեն ոչնչացրել է շուրջ 60 հեկտար անտառ՝ հատելով մոտ 17,000 խորանարդ մետր խիտ կաղնի և հաճարենի, ընդ որում՝ ապօրինի ծառահատումները չեն դադարում։ Փորձագետի գնահատմամբ՝ շուրջ 3,200 հեկտար գտնվում է ուղիղ նշանառության տակ, իսկ ավելի փոքր հատված՝ դիտարկման և մինչև 60 մմ ականանետերի կրակի տակ։ Նա տեղի ունեցածը որակել է որպես «էկոցիդ» Հայաստանի բնական ժառանգության դեմ։ Ղազարյանը նաև հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում միջազգային գործընկերների հետ պատրաստված ինտերակտիվ քարտեզից դուրս էր մնացել «Շիկահողի» շուրջ 360-380 հեկտար հատված, ինչից հետո քարտեզն անջատվել է տեխնիկական ճշգրտման նպատակով։
Արդյո՞ք բնապահպանական խնդիրները պետական սահմանով են ավարտվում։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի օկուպացված տարածքների, բնության հատուկ պահպանվող գոտիների և դրանց կենսաբազմազանության մասին է։
Եթե բնությունն իսկապես մեզ «փրկել է ամենածանր ժամանակներում», ապա ո՞վ պետք է այսօր բարձրաձայնի այն վտանգների մասին, որոնք սպառնում են այդ նույն բնությանը՝ թեկուզ Հայաստանի ներկայիս վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում։
Ի դեպ, եթե Շիկահողը, ըստ Պապոյանի մերը չէ, նշանակում է, որ կասկածի տակ է դնում ՀՀ տարածքի ափը և դեմ է գնում հենց այն քարտեզին, որը որպես կախազարդ իր կոստյումի վրա կախում է։