819 դիտում, 2 օր առաջ - 2026-09-25 14:33
Քաղաքական խաղադաշտ

«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, այն խանգարում է թշնամու պարտադրած նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան

«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, այն խանգարում է թշնամու պարտադրած նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան


Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովի ժամանակ անդրադարձել է Հայ դատի համակարգի նկատմամբ, իր գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արշավին։

Սաղաթելյանի խոսքով՝ վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան փորձում է հանրության շրջանում ձևավորել այն տեսակետը, թե Հայ դատի նպատակները հակասում են Հայաստանի պետական շահին։

«Փորձում է հանրությանը հրամցնել թեզեր, թե իբր Հայ դատի նպատակները և պետական շահը միմյանց հակասում են, թե իբր Հայ դատը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, այլ պաշտպանում է նեղ կուսակցական շահեր, թե իբր Հայ դատի պայքարը խանգարում է պետականությանը»,- ասել է նա։

Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայ դատի գործունեությունն ու Հայաստանի Հանրապետության շահերը, իր համոզմամբ, նույնական են։

«Հայ դատի գործունեությունը և Հայաստանի Հանրապետության շահերը չէին կարող միմյանց հակասել, դրանք նույնական են։ Հայ դատը պայքարում է հենց Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համար։ Հայ դատը չէ, որ վտանգ է մեր պետությանը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետականությանը վտանգում է իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։

«Պետականությանը վտանգում է Ադրբեջանի, Թուրքիայի բոլոր պահանջները բավարարող Հայաստանի իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։ Պետականությանը վտանգում է սեփական ժողովրդի իրավունքներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ազգային արժանապատվությունից հրաժարվելը»,- ասել է Սաղաթելյանը։

Նա անդրադարձել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն ևս դիտարկելով որպես պետականությանը սպառնացող գործոն։

Սաղաթելյանի խոսքով՝ Հայ դատը չի սահմանափակվում ՀՅԴ-ի կամ որևէ առանձին քաղաքական ուժի շահերով։

«Հայ դատը նեղ կուսակցական դատ չէ, Հայ դատը Դաշնակցության կամ դաշնակցականների դատը չէ։ Սա բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է»,- ասել է նա։

Անդրադառնալով միջազգային հարթակներում Հայ դատի գրասենյակների աշխատանքին՝ Սաղաթելյանը նշել է, որ տարբեր երկրներում ընդունվող բանաձևերն ու Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, իր գնահատմամբ, ուղղված են հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։

«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, Հայ դատը խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին։ Ոչ ոք հայ ժողովրդից շատ չի ձգտում խաղաղության, բայց ծնկաչոք, մուրացած խաղաղությունը բերում է նոր պատերազմ և նոր կորուստներ»,- հայտարարել է նա։

Սաղաթելյանը նաև ընդգծել է, որ Հայ դատի գրասենյակների գործունեությունը չի կարող պայմանավորված լինել օրվա իշխանությունների քաղաքականությամբ։

«Իշխանությունները կարող են շեղվել պետական գծից կամ նահանջել, բայց Հայ դատի կողմնացույցը եղել և մնում է անփոփոխ՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանություն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն և Հայ դատի հանձնախմբերը պայքարը բաժանել են երկու՝ ներքին և արտաքին ճակատների։«Հայ հեղափոխական դաշնակցությունը այդ պայքարը տանում է երկրի ներսում, ներքին ճակատում, հայրենիքում, իսկ Հայ դատի հանձնախմբերը, գրասենյակները արտաքին ճակատում պաշտպանում են այդ գաղափարը և շահը։ Այս երկու ճակատները նույն գոյապայքարի անբաժանելի դիրքերն են»,- նշել է Սաղաթելյանը։

Նա նաև նշել է, որ արտաքին ճակատում Հայ դատի հանձնախմբերը, իր խոսքով, պայքարում են հայկական շահերի անտեսման դեմ, հակազդում ադրբեջանական լոբբինգին և պաշտպանում բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքը։

Սաղաթելյանը պնդել է, որ Հայ դատի համակարգի նկատմամբ ճնշումները չեն կարող դադարեցնել դրա աշխատանքը։

«Որևէ հարձակում, որևէ շինծու արգելք կամ քարոզչական գրոհ ի զորու չէ կասեցնել համակարգի աշխատանքը։ Ընդհակառակը, որքան մեծանան ճնշումները, սպառնալիքներն, այնքան ավելի համակարգված, հետևողական և կազմակերպված պետք է լինի մեր հակազդեցությունը»,- եզրափակել է նա։