1485 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-11 21:33
Քաղաքական խաղադաշտ

Սրանք թշնամու ոտքերի տակ թավալված ուժ են, որոնց քաղաքական պատմությունն ավարտված է․ Իշխան Սաղաթելյան

Սրանք թշնամու ոտքերի տակ թավալված ուժ են, որոնց քաղաքական պատմությունն ավարտված է․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Դիլիջանում հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։ Հանդիպման առանցքում երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, քաղաքական հետապնդումներն ու անվտանգային սպառնալիքներն էին։

Անդրադառնալով գործող վարչակարգի վարած քաղաքականությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները ոչ թե պետք է վախեցնեն քաղաքացիներին, այլ իրենք պետք է վախենան ժողովրդից՝ իրենց թույլ տված սխալների և կորուստների համար։ Նա վստահեցրեց, որ ներկայիս ռեժիմի հեռացմանը հաշված օրեր են մնացել։

«Այս վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր հալածվել են այս իշխանության կողմից, պետք է գիտակցեն, որ դա պատիվ է, քանի որ նրանք կանգնել են հայրենիքի և պետականության կողքին։ Իշխանափոխությունից հետո լայն համաներում է լինելու, իսկ քաղաքական հետապնդման ենթարկվածները ստանալու են համապատասխան փոխհատուցում»,- շեշտեց դաշինքի ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ մարզերում տիրող վախի մթնոլորտին՝ բերելով Վայոց Ձորի օրինակը, որտեղ քաղաքացիները մտահոգություն են հայտնել մարզային իշխանությունների կողմից հնարավոր ճնշումների և աշխատանքից ազատման վերաբերյալ։ Նա զգուշացրեց բոլոր այն օլիգարխներին և ուժայիններին, ովքեր ծառայում են օրվա իշխանությանը, որ նման գործելաոճն անթույլատրելի է։

Խոսքի ավարտին նա շնորհակալություն հայտնեց դիլիջանցիներին կազմակերպվածության և բարձր ոգու համար՝ կոչ անելով միասնական ջանքերով վերջ տալ զիջումների ու աղետների շրջափուլին։

«Թև թիկունք տանք իրար և այս ողբերգության ու դժբախտության շրջանը կտրենք՝ կառուցելով իրապես անվտանգ ու մրցունակ Հայաստան»,- ասաց նա։