1425 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 19:36
Քաղաքական խաղադաշտ

Հաջորդ իշխանության օրոք տղաս գնալու է բանակ, արժանապատիվ ծառայի ու վերադառնա, պատերազմ չի լինելու. Աննա Գրիգորյան

Հաջորդ իշխանության օրոք տղաս գնալու է բանակ, արժանապատիվ ծառայի ու վերադառնա, պատերազմ չի լինելու. Աննա Գրիգորյան

Այստեղ գալու ճանապարհին մի կնոջ հետ զրուցեցի, ով ասում էր, որ անպայման մեզ է ձայն տալու, բայց մտավախություն ուներ, թե որդին բանակում է՝ միայն պատերազմ չլինի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եղեգնաձորում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ պատմեց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ես իրեն ասացի՝ ինչո՞ւ պետք է մեր ուժի ընտրության պարագայում պատերազմ լինի։ Մեր առաջնորդը 10 տարի կառավարել է երկիրը, և նրա օրոք որևէ պատերազմ չի եղել։ Սա ապացուցված փորձ է։ Ես՝ որպես մայր, ձեզ վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինելու։ Իմ տղան հաջորդ իշխանության ժամանակ գնալու է բանակ, արժանապատիվ ծառայելու է ու տուն վերադառնա»,- պատմեց Գրիգորյանը։

Պատգամավորը կոչ արեց ուղղակի մոռանալ պատերազմի մասին կեղծ խոսույթը, քանի որ այդ մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ամենաշատ պատերազմն ու զոհերը բերեցին մեր երկրին։ Նա հորդորեց քաղաքացիներին՝ նման խոսակցությունների ժամանակ փաստարկել, որ կա չպատերազմելու հստակ փորձ, և կա գործող իշխանություն, որը միայն աղետներ է բերում։

Աննա Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց դաշինքի առաջնահերթություններն ու ծրագրային դրույթները։ Այն է՝ անվճար և որակյալ կրթություն երիտասարդների համար, պրոֆեսիոնալների կառավարության ձևավորում, խլելու և պատժելու հռետորաբանության մերժում և այլն։

Ելույթի վերջում պատգամավորը շեշտեց, որ այս ընտրություններով քաղաքացիները պետք է մերժեն ատելության ու խլելու խոսույթը և ընտրեն երկիրը շենացնելու, կառուցելու ու անվտանգ դարձնելու ճանապարհը։ Նա նկատեց, որ հիմա պատերազմ է հայտարարված հայ ժողովրդի միասնականության՝ հավատքի, պատմության ու ազգային խորհրդանիշների դեմ, բայց հայ մարդն այդ պայքարում հաղթելու է։

«Մենք պետք է միահամուռ ու վճռական մասնակցենք ընտրություններին՝ պահպանելով մեր ինքնությունն ու արմատները։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրության և միասին կերտում ենք ուժեղ պետություն»,- եզրափակեց Աննա Գրիգորյանը։