840 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 19:45
Քաղաքական խաղադաշտ

Իշխանությունն ասում է՝ վերընտրվեմ, եկեղեցին քանդելու եմ, մենք պետք է թույլ չտանք դա․ Աննա Գրիգորյան

Գործող իշխանությունը կորցրել է հանրային վստահությունը, խորացրել է հասարակական պառակտումը և ճնշումների մթնոլորտ ստեղծել երկրում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձավ նաև կրթական համակարգի խնդիրներին՝ մտահոգություն հայտնելով Շիրակի մարզում նախատեսվող դպրոցների փակման վերաբերյալ։

«Շիրակի մարզում մոտ հինգ տասնյակ դպրոց փակվելու է առաջիկայում։ Մենք ասում ենք, որ նոր դպրոց կառուցելը չի նշանակում գործող դպրոցների փակումը։ Համայնքն առանց դպրոցի գոյություն ունենալ չի կարող»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը խոսեց նաև ուսուցիչների և դասախոսների սոցիալական վիճակի մասին՝ խոստանալով վերանայել գործող ատեստավորման համակարգն ու բարձրացնել աշխատավարձերը։

«Ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, և մենք վերափոխման ենք ենթարկելու այն նվաստացուցիչ ատեստավորման համակարգը, որ գոյություն ունի այսօր։ Կրթությունն ու անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա խիստ քննադատեց նաև իշխանության վարքագիծը և ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող ճնշումները։

«Ընդամենը 11 օրվա ընթացքում մեկ մարդ ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ ՔՊ-ի պաստառը հանել էր պատից։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են, կնոջ են քաշքշում։ Այս իրավիճակը պետք է փոխվի»,- ասաց նա։