Մենք Արմավիրի մարզի բնակիչներով դեռ 2022 թվականին՝ «Դիմադրության» շարժման մեկնարկին, Սարդարապատից բարձրացրեցինք մեր բողոքի ձայնը և ամիսներ շարունակ պայքարեցինք այս ապիկար իշխանության դեմ։ Այն ժամանակ զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում Արցախը հայաթափվելու է ու ամբողջությամբ կորսվի, և եղավ ճիշտ մեր ասածը։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։
«Արդեն ութ տարի է՝ այս մարդիկ իշխանության են, բայց ամեն ինչ, ընդհուպ մինչև ասֆալտի քանդվելը, գցում են նախկինների վրա։ Մինչդեռ այսօր ձեր համայնքների վարչական ղեկավարների ու գյուղապետերի 90%-ը հենց այն նախկիններն են, որոնցից դժգոհ լինելով ժողովուրդը ժամանակին իշխանափոխություն արեց։ Այսօր այդ նույն մարդկանց հավաքում են, քեֆեր անում։ Պատկերացնո՞ւմ եք՝ 30 հոգով հավաքվում ու իրար սրտիկներ են ցույց տալիս, մի մասն էլ ձևը չգիտի՝ չես հասկանում ինչ է ցույց տալիս»,- ասաց նա։
Սևակ Խաչատրյանը շեշտեց, որ գործող իշխանությունն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության հետ անել այն, ինչ արդեն արել է Արցախի Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ այս աղետը կասեցնելու միակ հնարավորությունը հունիսի 7-ն է։