Ընդամենը ութ-ինը օր հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի՝ ո՞ւմ է ընտրում, ինչպե՞ս է ուզում ապրել և ինչպի՞սի երկրում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վանաձորում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվել, Ադրբեջանն իր զորքերը Հայաստանի տարածքից դուրս չի բերելու, և Հայաստանը նոր տարածքներ է զիջելու։ Եթե այս չարիքի իշխանությունը մնա, փոխվելու է մեր Սահմանադրությունը, հրաժարվելու ենք Անկախության հռչակագրից, ուրանալու են Ցեղասպանությունը։ Օտար, այլասեռված բարքերն են մտնելու հայկական ընտանիքներ, իսկ թմրամոլությունն ու խաղամոլությունը, որ այս տարիներին այսքան աճել են, ավելի լայն ծավալների են հասնելու»,- ասաց նա։
Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դաշինքի առաջարկած տեսլականն ու կոչ արեց համախմբվել 17 համարի շուրջ։
«Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը։ Տվե՛ք մեզ մանդատ, տվե՛ք հնարավորություն, կանգնե՛ք մեր կողքին և մերժե՛ք այս չարիքի իշխանությանը, որպեսզի միասին կարողանանք կառուցել անվտանգ և մրցունակ Հայաստան։ Մի երկիր, որտեղ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանված կլինի, իսկ քաղաքացին կլինի պաշտպանված, բարեկեցիկ ու բարգավաճ։ Դա կարող է անել այս թիմը, որն ունի ծրագիր, տեսլական, անցած ճանապարհ ու հնարավորություն»,- ասաց Գրիգորյանը։