Մեր բնավորության մեջ մի քիչ չորություն կա, և մենք ավելի շատ գործին ենք ուզում հավատալ, քան կեղծ խոստումներին ու հայտարարություններին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանի պնդմամբ՝ ինչքան Նիկոլ Փաշինյանը «սրտիկներ» է ցույց տալիս հայ ժողովրդին, այնքան մեծ զիջումներ են արվում ժողովրդի շահերի հաշվին։
«Շուտով կարող է նույնիսկ Ադրբեջանում ազգային հերոսի կոչում ստանալ, որովհետև մինչև հիմա ինչ արել է, բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով է արել»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանը համեմատական անցկացրեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ՝ նշելով, որ իրենք իրենց հագուստներին Հայաստանի քարտեզ չեն փակցնում, բայց նախագահ Քոչարյանի օրոք երկրից ոչ մի սանտիմետր տարածք օկուպացված չի եղել, սահմանները եղել են պաշտպանված և երկրում խաղաղություն է տիրել։
Պատգամավորն ընդգծեց, որ այսօր իշխանությունը բացեիբաց ասում է՝ վերընտրվելու դեպքում նոր տարածքներ են հանձնելու՝ ի դեմս Տիգրանաշենի ու Տավուշի որոշ տարածքների, և Ադրբեջանի պատվերով փոխելու են Սահմանադրությունն ու քանդելու են եկեղեցին։
Ելույթի վերջում Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գորիսեցիներին իրենց վճռականության համար՝ նկատելով, որ իրենց հավաքներին մարդիկ գալիս են ոչ թե ստիպողաբար կամ վարչական ռեսուրսով, այլ խորը համոզմունքով ու հայրենասիրությամբ։ Պատգամավորը կոչ արեց չվախենալ գործադրվող տեռորից։
«Նույնիսկ եթե ՔՊ-ն ասում է՝ պետք է մեզ ընտրեք, ասեք՝ հա՛, ձեզ կընտրենք։ Ութ տարի այս իշխանությունները ո՞նց են ձեզ խաբել, մի անգամ էլ դո՛ւք իրենց խաբեք, բայց հունիսի 7-ին ընտրատեղամասում դուք լինելու եք ինքներդ ձեզ հետ։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ մեղսակից դարձնեն Արցախի հանձնմանը, մեր սահմանների մկրատմանը և այն նվաստացմանը, որ հիմա տեսնում ենք Բաքվի բանտերում։ Ոտքի՛ կանգնեք, և սյունեցու արժանապատվությամբ ապացուցենք, որ լինելու ենք ուժեղ, անվտանգ ու մրցունակ երկիր»,- եզրափակեց Գրիգորյանը։