1725 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-31 20:12
Քաղաքական խաղադաշտ

Եթե սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշիր ու հարվածի տակ մի՛ դիր նրան. Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունն ութ տարի ժողովրդին ասում էր, թե ամեն ինչ լավ է։ Բայց փորձենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում իրենց ասելով «ամեն ինչ լավ է»։ Այսպիսի «լավը» մենք չենք ուզում, չենք ընդունում և մերժում ենք։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և այս իշխանությունը ոչ միայն բյուջեն է ուտում, այլև մարդկանց կյանքերը՝ բերելով միայն մահ ու տառապանք, որն էլ փորձում է քողարկել տարբեր փառատոններով։

«Իշխանությունը կարող է սխալվել, բայց ոչ այդքան։ Սխալվելու լիմիտը իրենք վաղուց սպառել են։ Այսօր մեր տնտեսությունը դրվել է ուլտիմատումի առջև։ Եթե ինչ-որ հրաշքով այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Ես չգիտեմ, թե ինչու մեզ արհեստականորեն սարքում են Ռուսաստանի թշնամի և տանում Ուկրաինայի ավերածությունների ճանապարհով։ Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների հետ»,- ասաց նա։

Ըստ դաշինքի առաջնորդի՝ երկրի բոլոր խնդիրների հանգուցալուծման բանաձևը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։

«Չկա՛ Նիկոլը պաշտոնում, չկա՛ն պրոբլեմներ Հայաստանում։ Չկա՛ Նիկոլը՝ չկա՛ ճգնաժամ, չկա՛ աղքատություն, չկա՛ պատերազմ ու ազգային նվաստացում, չկա՛ 300 000 ադրբեջանցիների վերադարձ։ Բոլոր այս խնդիրները լուծվող են, ես գիտեմ՝ ինչպես դա անել, և մենք ունենք էֆեկտիվ կառավարման հարուստ փորձ։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս և կայացնում ընդամենը մեկ որոշում՝ ընտրում ենք Հայաստանը, ընտրում ենք փորձն ու պատասխանատվությունը։ Հունիսի 7-ին քվեարկում ենք համար 17-ի օգտին»,- ասաց Քոչարյանը։