Ինձ համար առանձնակի արժեք և բացառիկ պատասխանատվություն ունի սյունյաց հերոսական հողում խոսելը, որովհետև դուք դարասկզբին Սյունիքը հերոսաբար պահած էն մեծ ուժի ու ջիղի ժառանգորդն եք։ Բայց ի՞նչ պատասխանատվության մասին կարող է խոսել ութ տարի Հայաստանին միայն ավեր, աղետ, հայրենազրկում ու ցեղասպանություն բերած քաղաքական ուժը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Կապանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Լիլիթ Գալստյանը։
Բանախոսի պնդմամբ՝ գործող իշխանություններն իրենցից օկուպացիոն ռեժիմ են ներկայացնում, որոնք պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդի ինքնության, պատմության, արմատների և հայ առաքելական եկեղեցու դեմ։
Նա նշեց, որ սահմանին կրակոց չլինելը դեռ խաղաղություն չէ, և չի կարող խոսք լինել խաղաղության մասին, քանի դեռ Բաքվի բանտերում հայ մարդիկ են կեղեքվում, և երբ երկրի իշխանությունն այդքան հեշտորեն հայտարարում է, թե Արցախի էջը փակված է։
«Երբ երեկ մեր արտգործնախարարին հարցրին գերիների ճակատագրի մասին, նրա շուրթերից մի խուժանաբարո արտահայտություն դուրս եկավ՝ «դե ծնգլ արեցիք»։ Սա բարոյական չէ, սա հրեշավոր է։ Նրանք աջ ու ձախ սրտիկներ են ցույց տալիս ու ասում, թե սիրում են ձեզ, բայց նրանց վարքը սիրո մասին չէ։ Սեփական հողն ու պատմությունը սիրող հայ մարդը թույլ չի տա ասել՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք», կամ կանգնի ու երիտասարդին հարցնի՝ «բա դուք ինչի՞ չեք մեռել»։ Իրենց միակ մրցակցային առավելությունը ցույց տված ասֆալտն է, որն առաջին ձյան հետ հալվեց, բայց փոխարենը Հայաստանի պարտքն ավելացավ 8 միլիարդ դոլարով»,- շեշտեց Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորության թեկնածուն սարսափելի որակեց կրթական ոլորտում սպասվող փոփոխությունները՝ հայտնելով, որ գործող իշխանությունների մնալու դեպքում միայն Սյունիքի մարզում փակվելու է 40 դպրոց, ինչը մարզի դպրոցների 41%-ն է։
Գալստյանն ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքի թիկունքում կանգնած են ահռելի փորձ ունեցող մարդիկ, այլ ոչ թե «փորձանքներ»։ Որպես օրինակ նա նշեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, որոնք աչքի են ընկել երկնիշ տնտեսական աճով և ռազմավարական նշանակության գործարանների ու ճանապարհների շենացմամբ։
Նա հավելեց, որ դաշինքը, որի կազմում Ռոբերտ Քոչարյանն է, 135-ամյա ծառայության կենսագրություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, գալիս է հստակ ծրագրով՝ երկիրը դարձնելու իրապես իրավական, սոցիալական ու արդար, որտեղ կրթությունը կլինի ազգային ու մրցունակ, իսկ եկեղեցու նկատմամբ թրքաբարո հարձակումները կբացառվեն։
Ելույթի վերջում Լիլիթ Գալստյանը կոչ արեց սյունեցիներին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և կտրել նվաստացումների շղթան։
«Եթե ընտրում եք 16 համարին, վստահաբար իմացեք՝ ընտրում եք Ալիևին, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգերն այստեղ իրականացնող ավելի հեզ ու ծնկած ուժ չկա։ Ուրեմն՝ հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, որպեսզի ունենանք իրապես արժանապատիվ, ոտքի կանգնող ու զարգացող երկիր»,- ասաց նա։