4656 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-30 19:45
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն աճուրդի է հանել մեր հայրենիքը․ Լիլիթ Գալստյան

Փաշինյանն աճուրդի է հանել մեր հայրենիքը․ Լիլիթ Գալստյան

Եթե ընտրում ես քո վաղվա օրը, պետականություն ունենալու իրավունքն ու արժանապատվությունը, ապա կոտրում ես այն շղթան, որը կործանման է տանում Հայաստանը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Աշտարակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լիլիթ Գալստյանը։

Նա առանձնակի շեշտադրեց յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվությունը սպասվող ընտրություններում՝ հիշեցնելով նախորդ քվեարկության պատկերը։

«2021 թվականին 1 միլիոն 200 հազար հայից այս չարաբաստիկ չարիքի իշխանություններին ձայն է տվել ընտրողների ընդամենը 26%-ը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 26%, որը ճակատագրական եղավ թե՛ մեր պատմության, թե՛ մեր պետականության, թե՛ ողջ հայության և մեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Ամսի 7-ը նախ և առաջ պատասխանատվության օր է։ Դու գնում ես ընտրելու ոչ թե պարզապես իշխանություն կամ քվե տալու սրան կամ նրան, այլ ընտրում ես քո պետականությունը»,- ասաց նա։

Լիլիթ Գալստյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի թիմին ու վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ իր թիկունքում կանգնած են մարդիկ, ում կենսագրությունն անուրանալի ծառայություն է հայոց պետականությանը։

«Այսօր շատ են փորձում ձեզ մոլորեցնել, թե իբրև խաղաղությունը նվաճված է, բայց դա բոլորովին այդպես չէ։ Այսօր պատերազմը մեր ներսում է՝ պատերազմ մեր ինքնության, մեր արժեքների, մեր սրբությունների ու վաղվա օրվա դեմ։ Սա օկուպացիոն ռեժիմ է, որովհետև Բաքվի և Անկարայի օրակարգն ավելի լավ չէր կարող Հայաստանում իրագործվել, քան իրագործվում է գործող վարչախմբի կողմից։ Քո ձայնը տալով Նիկոլ Փաշինյանին՝ դու ձայն ես տալիս Ալիևին, դու ձայն ես տալիս նրա հանձնակատարին, դու ձայն ես տալիս «Արևմտյան Ադրբեջանի» մարզպետին։ Սրանք եկել են լուծարելու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, իսկ Չորրորդի բանալին Ալիևի ձեռքին է»,- ասաց նա։

Գալստյանը կոչ արեց հավատալ սեփական ուժերին և վստահել հաղթանակներ կերտած ուժին՝ շեշտելով, որ արտաքին կենտրոնները չեն որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը։