«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝Թալինում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ, մշակութային ու քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը: Դիմելով թալինցիներին, սասունցիների ու մշեցիների ժառանգներին՝ նա անդրադարձավ հայրենազրկման սպառնալիքներին, երկրում տիրող անվտանգային ճգնաժամին, դավաճանությանը և կրթական ոլորտի ձախողումներին:
«Մի տարեց մարդ մոտեցավ ինձ ու ասաց. «Բալե՛ս, ես չեմ ուզում՝ տունս մնա թուրքին»: Եվ ես մեկ անգամ ևս հստակ հասկացա բոլորիս համար՝ մեր պայքարը հենց դրա համար է, որ մեր տունը չմնա թուրքին: Ո՞վ, եթե ոչ դուք՝ սասունցիների ու մշեցիների ժառանգներդ, գիտեք, թե ինչ է նշանակում հայրենազրկվել, կորցնել հող ու արժանապատվություն և չկարողանալ ամոքել այդ կորստի վիշտը»,- ասաց Գալստյանը:
Պատգամավորության թեկնածուն հայտարարեց, որ Հայաստանի գործող իշխանություններն ուղղակիորեն դարձել են Արցախում տեղի ունեցած ողբերգության մասնակիցը, քանի որ կանաչ լույս վառեցին թուրք ագրեսորի առջև: Նա ահազանգեց սողացող վտանգների մասին՝ մատնանշելով, որ անգամ թվային քարտեզներում (Google maps) հայկական բնակավայրերը, մասնավորապես Տիգրանաշենը, արդեն ներկայացվում են թրքահունչ անուններով:
«Այսօր մեր գլխին սրի պես կախված է «Արևմտյան Ադրբեջանի» թեզը: Ձեզանից որևէ մեկը երաշխիք ունի՞, որ վաղը չեն գա ու չեն ասի, թե Թալինն իրենցն է: Մենք 20-րդ դարի մեր ամենամեծ ու արժանապատիվ հաղթանակը կերտեցինք միասնաբար՝ զոհողությունների գնով գծելով Արցախի անկախությունն ու մեր արժանապատվության սահմանը: Այսօր կորուստների ու անարժանապատվության այս անիվը պետք է շուտափույթ կասեցնել»,- ընդգծեց նա: