Այսօր վաղ առավոտյան մեծաթիվ քննչական խմբով խուզարկություն է իրականացվել ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանում՝ ապօրինի գույքի վերաբերյալ գործի շրջանակներում։ Սաղաթելյանը տեղի ունեցողը որակում է բացահայտ քաղաքական բռնաճնշում և հայտարարում, որ պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ձերբակալման ու կալանավորման, սակայն ընդդիմությունը չի պատրաստվում հանձնվել կամ նահանջել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրավապահները բնակարան են այցելել առավոտյան ժամը 8-ին, երբ տանը եղել են իր կինն ու երեխաները։ Գործընթացը կապված է ապօրինի գույքի բռնագանձման պահանջների հետ, ինչը պատգամավորը լիովին ապօրինի է համարում։
Սաղաթելյանը հիշեցնում է, որ 2018 թվականից առաջ ինքը չի զբաղեցրել հայտարարագրման ենթակա բարձրաստիճան պաշտոն։ Իրավապահները քննում են նրա գործունեությունը՝ սկսած 2008 թվականից, երբ նա ԱԺ պատգամավորի օգնական էր։
Ըստ Սաղաթելյանի՝ իրեն ներկայացված պահանջից արդեն իսկ 10 անգամ ավելի գույք է դրված կալանքի տակ։
«Իմ բնակարանի 9%-ն են ապօրինի ճանաչել, այսինքն՝ բալկոնս ա ապօրինի, կամ պարկինգի 11%-ը, բայց ամբողջի վրա կալանք են դրել»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ էլ եկել են հայտարարագրված կանխիկ գումարը տանելու։
Սաղաթելյանի խոսքով՝ գործը ներկայումս գտնվում է Վարչական դատարանում՝ բողոքարկման փուլում, սակայն ԴԱՀԿ-ն և Դատախազությունը շատ արագ անցել են քրեական վարույթի և խուզարկությունների։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն համոզված է, որ այս ամենը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմությանը «ջախջախելու» հայտարարությունների և հետընտրական զարգացումների համատեքստում։
«Նիկոլ Փաշինյանը չի ստացել ժողովրդի մեծամասնության աջակցությունը, չունի լեգիտիմություն և սահմանադրական մեծամասնություն։ Նման ապօրինի քայլերով, ընդդիմադիր գործիչների, նախագահների և ազգային ուժերի նկատմամբ համատարած բռնաճնշումներով նա փորձում է վախեցնել, ունեզրկել և ամեն գնով պահել իր իշխանությունը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը ձախողել է երկրի անվտանգության ապահովումը, և խաղաղության անվան տակ երկիրը կանգնեցրել է նոր տարածքային կորուստների և տնտեսական կոլափսի վտանգի առաջ։