«Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանից կտոր-կտոր՝ անկլավների տեսքով, չգիտեմ ինչ անուններ կպցնելով, նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին։ Մեր պետության կենսագործունեությունը դնելու է հարցականի տակ և մեզ կանգնեցնելու է նոր տնտեսական ու սոցիալական կոլափսի առջև։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Հրազդանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում իրենց թիմը հանրությանը երկու հիմնական ուղերձ է փոխանցել՝ թե որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ պետականության ու հայ մարդու համար, և որոնք են երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհները։
Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ՝ իրավիճակը չափազանց պարզ է. իշխանությունը, որը վերջին տարիներին միայն մահ ու ողբերգություն է բերել, փորձում է երրորդ անգամ վերարտադրվել։
«Սրանց առաջին ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մի մասը, ունեցանք 5000 զոհ։ Երկրորդ ընտրության արդյունքում կորցրեցինք Հայաստանից տարածքներ, ունեցանք 200-ից ավելի զոհ, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, ու մեզ նոր պահանջներ են ներկայացնում»,- ասաց նա։
Սաղաթելյանը սուր քննադատության ենթարկեց գործող իշխանության արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշում է նոր, ծանր արկածախնդրության մեջ։
«Եվրոպային մի բան է խոստացել, Միացյալ Նահանգներին՝ մեկ այլ բան, Մոսկվային՝ լրիվ ուրիշ բան, Ադրբեջանին ու Թուրքիային՝ ևս մի քանի բան։ Արդյունքում բոլորը հիմա սրանից պահանջում են՝ կողմնորոշվի՛ր և հայտնի՛ր քո դիրքորոշումը, իսկ Հայաստանն այլևս այդքան ռեսուրս չունի բոլորի պահանջները բավարարելու համար։ Արդյունքում սա երկիրը քաշում է նոր տնտեսական աղետի։ Շատ հստակ հայտարարված է, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, և սրա հետևանքով Հայաստանի նկատմամբ իրականացվում են ծանր պատժամիջոցներ»,- ասաց նա։
Սաղաթելյանն անդրադարձավ նաև կառավարության՝ գյուղմթերքի սուբսիդավորման վերջին նախագծերին, որոնք հաջորդել են արտահանման արգելքներին։
«Լա՛վ, ինչո՞ւ այնպես արեցիր, որ այսօր արգելվում է այս ապրանքների արտահանումը, հիմա էլ ասում ես՝ կսուբսիդավորեմ։ Ո՞ւմ միջոցներով ես սուբսիդավորելու, հո՞րդ տնից ես բերում այդ միջոցները։ Ձեր հաշվին է փորձելու սուբսիդավորել։ Իր հերթական հիմարությունների համար էլի կրկին դո՛ւք եք վճարելու, ժողովո՛ւրդ ջան։ Կամ ասում է՝ ամսի 7-ից հետո կգնամ ԵԱՏՄ, այդ հարցերը կլուծեմ։ Լուծող էիր՝ լուծեիր, տեսել ենք քո լուծածը»,- ասաց նա։
Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և հեռացնել գործող իշխանությանը։
«Այս չարիքի իշխանությունը, ՔՊ-ն՝ Նիկոլի գլխավորությամբ, սպառնալիք է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար։ Այս սպառնալիքը պետք է չեզոքացվի, պետք է վռնդվի ու հեռացվի հայ ժողովրդից, և դրա օրը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ը պարզ ընտրության օր չի, դա Նիկոլին վռնդելու, պատմության աղբանոց նետելու օրն է»,- եզրափակեց նա։