501 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 10:45
Օրենքի դաշտում

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նորատուսցի Ալիկի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նորատուսցի Ալիկի նկատմամբ

«Իշխանություն» լրատվականը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 1-ին։

Ըստ նախաքննությամբ պարզված հանգամանքների՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն իր վարած «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով, մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ, այցելել է անվադողերի վերանորոգման կետ։

Այնտեղ, անտեսելով այն հանգամանքը, որ աշխատակիցն այդ պահին սպասարկում էր մեկ այլ հաճախորդի, Ա.Բ.-ն, ըստ Քննչական կոմիտեի, խուլիգանական դրդումներով անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել իրեն սպասարկել արտահերթ։

Ավելին՝ ըստ նախաքննության տվյալների, նա սպառնացել է վնաս պատճառել աշխատակցի առողջությանը, եթե վերջինս չկատարի իր պահանջը։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ա.Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով հոգեկան ներգործություն կատարելու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։