1608 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 12:39
Քաղաքական խաղադաշտ

ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ոչ թե կատաստրոֆիկ վիճակում են, այլ՝ գոյություն չունեն. Խաչատրյան

ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ոչ թե կատաստրոֆիկ վիճակում են, այլ՝ գոյություն չունեն. Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը ԱԺ ամբիոնից քննադատել է իշխանության տնտեսական քաղաքականությունը՝ պնդելով, որ Ռուսաստանի հետ արտահանման խնդիրների հետևանքներն արդեն զգում են Հայաստանի գյուղացիները։

Նրա խոսքով՝ Հայաստան–Ռուսաստան տնտեսական հարաբերությունները վերջին ամիսներին «պարզապես գոյություն չունեն», իսկ իրավիճակը հատկապես կսրվի աշնանը՝ խաղողի և այլ գյուղմթերքի իրացման խնդիրների պատճառով։

«Դիվերսիֆիկացիան, իհարկե, լավ բառ է, բայց դուք դա չեք արել։ Մի կողմից ձեր վարած քաղաքականության արդյունքում փակվել է արտահանումը, մյուս կողմից՝ չունենք ոչ մի բան»,- ասել է Խաչատրյանը։

Նա օրինակ է բերել ծաղիկ աճեցնողներին, որոնք, իր խոսքով, արտահանման շուկա չունենալու պատճառով ստիպված են հավաքած ծաղիկը չորացնել ու այրել։

Պատգամավորը նաև բարձրացրել է գյուղացիների վարկային խնդիրները՝ առաջարկելով նրանց վարկային արձակուրդ տրամադրել։

«Գյուղացիները ստիպված են լինում նոր վարկ վերցնել, որպեսզի կարողանան փակել նախորդ վարկը»,- նշել է նա։

Ելույթի վերջում Խաչատրյանը նաև պնդել է, որ որոշ գյուղացիական տնտեսությունների գույքագրում իրականացվում է՝ հաշվի առնելով դրանց տերերի քաղաքական նախասիրությունները։

«Հիմնականում գույքագրում են էն տնտեսությունները, ում գիտեն, որ էդ տնտեսության տերերը ընտրությունների ժամանակ աշխատել են իրենց օգտին»,- ասել է նա։