741 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-09-25 13:27
Քաղաքական խաղադաշտ

Հայ դատի առաջնահերթ խնդիրներից է կանխել Հայաստանի թուրքացումը. Արմեն Ռուստամյան

Հայ դատի առաջնահերթ խնդիրներից է կանխել Հայաստանի թուրքացումը. Արմեն Ռուստամյան

Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող վտանգների և առաջացած նոր մարտահրավերների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա ծրագրերն ու անելիքները։ Այս մասին ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովին ասել է Բյույի անդամ Արմեն Ռուստամյանը։ 

«Եթե մինչ այս պատերազմական գործողությունը Հայ դատի կառույցները գործում էին շահեկան դիրքերից՝ արժևորելով և ամրապնդելով Արցախյան ազատամարտում հայության տարած հաղթանակի արդյունքները, ապա հիմա ստիպված են դիմակայել պարտության ծանր հետևանքներին և հաղթահարել նորաստեղծ մարտահրավերները։ 

Այսօր հայության և Հայ դատի մեր կառույցների առաջնահերթ խնդիրներն են պահպանել հայկական ինքնությունը, հայոց պետականությունը ու ինքնիշխանությունը, տեր կանգնել հայ ժողովրդի ու նրա սերունդների անժամանցելի իրավունքներին և կանխել Հայաստանի թուրքացումը։

Թուրքացումը ինչ-որ գեղարվեստական ձևակերպում չէ, այլ կոնկրետ բնորոշում է թուրք-ադրբեջանական տանդեմից  Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և ընդհանրապես բազմամակարդակ և բազմաբնույթ կախվածության վիճակը։ Սա այն է, երբ Հայաստանը վերածվում է անվանական գոյություն ունեցող, սակայն Թուրքիայից և Ադրբեջանից փաստացի լիովին կախյալ կցորդ մի երկրի»։