294 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 17:46
Քաղաքական խաղադաշտ Օրենքի դաշտում

«10 թեկնածու ունենայինք, թե 20, բոլորի հետ նույն ձևով խնդիրներ էին լինելու»․ Հայկ Ֆարմանյան

«10 թեկնածու ունենայինք, թե 20, բոլորի հետ նույն ձևով խնդիրներ էին լինելու»․ Հայկ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներն ու ներկայացուցիչները հավաքվել են հակակոռուպցիոն դատարանի բակում։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կուսակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ ընդդիմադիրների նկատմամբ իշխանությունների գործողություններում նույն ձեռագիրն է նկատում։

Անդրադառնալով կուսակցության տարածած հաղորդագրությանը և ԵԽԽՎ զեկույցին՝ Ֆարմանյանը նշել է, որ չի ցանկանում իրավական գնահատականներ տալ՝ գործի մանրամասներին չտիրապետելու պատճառով։

«Ներքին վստահություն ունեմ՝ համադրելով նախորդ ժամանակահատվածը այս ընտրությունների հետ, որ եթե մենք տարբեր համայնքներում թեկնածուներ ունենայինք՝ անկախ նրանից՝ 10, թե 20 հոգի, նրանց հետ նույն ձևով խնդիրներ էին լինելու։ Ձեռագիրը նույնն է, կարծես՝ ոչինչ չի փոխվել»,– ասել է Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ մեղադրանքները հնչում են, և ձերբակալություններն ու կալանավորումները տեղի են ունենում նախքան գործերի վերջնական հանգուցալուծումը։

«Կալանքը դարձել է, ցավոք սրտի, մեր երկրում պատժի գործիք։ Կան դրան փոխարինող այլ իրավական մեխանիզմներ։ Եթե մարդուն առանց կալանավորելու գործընթաց սկսվեր, և հետևություններ չարվեին մինչև վերջնական եզրակացությունը, թերևս հասկանալի կլիներ։ Բայց այսօր միանգամից մեղադրանքներ են հնչեցնում, ձերբակալություններ և կալանավորումներ են լինում»,– նշել է նա։

Ֆարմանյանը նաև պնդել է, որ տեղի ունեցողը կարող է կապված լինել առաջիկա ընտրությունների հետ՝ նշելով, որ մտավախություն ունի, թե իշխանությունները մտահոգված են իրենց թեկնածուի բարձր վարկանիշով և հնարավոր հաղթանակով։

Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին՝ պատգամավորը նշել է, որ այն պարզապես հերթական փաստաթուղթ չէ։ Նրա խոսքով՝ զեկույցի պատրաստման ուղղությամբ կուսակցության թիմն ու մասնագետները մեծ աշխատանք են կատարել, իսկ փաստաբանները շարունակում են աշխատել հարցի շուրջ։

«ԵԽԽՎ զեկույցը հասարակ զեկույց չէ։ Դրա մեջ տեղ են գտել այն որակումները, որոնց մասին քիչ առաջ հարցնում էիք։ Դա ես ավելի մեծ չափով հաղթանակ կգնահատեմ, ոչ թե փոքր չափով։ Արդյունքը մեկ րոպեում կամ մեկ օրում չի լինում։ Վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»,– ասել է Հայկ Ֆարմանյանը։