Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի սահմանը ադրբեջանցիների կողմից հատելու երկու դեպքերին, հայտարարել է, որ սահմանն անցնելը չափազանց հեշտ է դարձել։
Նա նախ Անի Ավետիսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նշելով, որ տեղի ունեցած դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
«Եթե, իրենց ասելով, հարբեցող մարդը կարողանում է հատել սահմանը, պատկերացրեք՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ավելի լուրջ գործողություններ իրականացնելու ցանկություն ունենան։ Ի՞նչ կլինի, եթե զինված խմբեր լինեն՝ թեկուզ երկու կամ երեք հոգուց բաղկացած»,– նշել է նա։
Գալստանյանի խոսքով՝ սահմանը հատելու կրկնվող դեպքերը վկայում են երկրի անվտանգության համակարգում առկա խնդիրների մասին։ Նա մտահոգություն է հայտնել նաև սահմանապահ զինծառայողների ծառայության պայմանների վերաբերյալ՝ ընդգծելով, որ սահմանը պահող զինվորները, հատկապես պայմանագրային զինծառայողները, ծանրաբեռնված աշխատանք են կատարում։
Արքեպիսկոպոսը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ նրանք, իր գնահատմամբ, բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության խնդիրներին և զբաղված են քաղաքական գործիչների ձերբակալություններով ու կալանավորումներով։
«Սա այն ցուցիչներից մեկն է, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք՝ այս մարդիկ քայքայել են պետությունը, ինստիտուտները։ Ցավոք սրտի, նորից կրկնեմ՝ այս մարդը և այս իշխանությունը համար մեկ սպառնալիքն են մեր պետության և ժողովրդի համար»,– հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։