«Իշխանություն» լրատվականը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Երևանի ավտոբուսներից մեկում կնոջ նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած տղամարդը չի կալանավորվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ։
Նրանցից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Մյուսի՝ ավտոբուսում կնոջ նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել։
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում լայն տարածում էր գտել Երևանի ավտոբուսներից մեկում նկարահանված տեսանյութը, որում տղամարդը վիրավորում, նվաստացնում և կոպիտ արտահայտություններով դիմում էր իր կողքին գտնվող կնոջը։ Տեսանյութում կինը նստած էր հատակին դրված իրերի վրա և չէր արձագանքում տղամարդու վիրավորանքներին։
Կնոջ նկատմամբ տղամարդու վերաբերմունքին միջամտել էր ավտոբուսի մեկ այլ ուղևորուհի՝ պահանջելով դադարեցնել նման վարքագիծը։ Նրանց միջև վիճաբանություն էր սկսվել, հնչել էին փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ։
Հոկտեմբերի 20-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաև միջադեպը տեսանկարահանած և տղամարդուն հակադարձած ուղևորուհին։
Այժմ, սակայն, պարզվում է, որ կնոջ նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած տղամարդու նկատմամբ կալանք չի կիրառվել։
Լիա Սարգսյան