Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հստակ գին։ Փորձագիտական շրջանակներում քննարկվում է այն սցենարը, ըստ որի՝ Բրյուսելի հետ դաշինքը փաստացի կնշանակի հրաժարում Եվրասիական տնտեսական միությունից և ելք Մաքսային միությունից։ Դրա հետևանքով Հայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի և Բելառուսի ավանդական շուկաները, որտեղ առանցքային դեր ունեն հայկական գյուղատնտեսական ապրանքները՝ ծիրանը, լոլիկը, վարունգը և այլ մրգերն ու բանջարեղենը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է 2015 թվականից։ Այդ ընթացքում ձևավորվել են արտահանման կայուն հոսքեր դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս։ Հայկական ծիրանը, դեղձը, խաղողը, ինչպես նաև ջերմոցային լոլիկն ու վարունգը սպառողների շրջանում մեծ պահանջարկ ունեն հետխորհրդային տարածքում։ ԵԱՏՄ շրջանակներում գործում են մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր և ապրանքների ազատ տեղաշարժի ռեժիմ, ինչը հայ արտադրողներին ապահովում է մրցակցային առավելություններ։
Բրյուսելի հետ ինտեգրման խորացումը, որպես կանոն, պահանջում է համապատասխանեցում եվրոպական տեխնիկական կանոնակարգերին, ֆիտոսանիտարական նորմերին և սերտիֆիկացման համակարգին։ Սա ինքնին խնդիր չէ, սակայն գլխավորն մաքսային և առևտրային քաղաքականությունն է։ Եվրամիությունը Մաքսային միության հետ զուգահեռ անդամակցություն չի նախատեսում։ Այսինքն՝ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Եթե պաշտոնական Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա հայկական ապրանքները Ռուսաստանի և Բելառուսի շուկաներում կկորցնեն ներկայիս արտոնյալ ռեժիմը։
Փորձագետները նշում են, որ եվրաինտեգրման կողմնակիցները հաճախ խոսում են ազատական արժեքների, վիզաների ազատականացման և ԵՄ կառուցվածքային ֆոնդերի մասին։ Սակայն նրանք լռում են այն պարզ հարցի պատասխանից, թե ի՞նչ է լինելու հայ գյուղացու հետ, որն իր արտադրանքի 80 տոկոսն արտահանում է Ռուսաստան։ Բելառուսը նույնպես համարվում է հայկական գյուղատնտեսական արտադրանքի կարևոր սպառող։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կբարդանան նաև առևտրային հարաբերությունները Մինսկի հետ։ Պաշտոնական Երևանը պետք է հստակ պատասխանի, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է փոխհատուցել ամբողջ արտահանման ծավալը, որը ներկայում ուղղված է դեպի արևելք։ Մինչ այժմ նման հաշվարկներ հրապարակայնորեն չեն ներկայացվել։
Եվրոպական ընտրությունը յուրաքանչյուր երկրի համար ունի իր գինը։ Հայաստանի դեպքում այդ գինը կարող է լինել ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը, ելքը Մաքսային միությունից և, հետևաբար, Ռուսաստանի ու Բելառուսի շուկաների կորուստը։ Այս համատեքստում «ԵՄ-ի հետ բարեկամություն» հասկացությունը գյուղացու համար վերածվում է միանգամայն կոնկրետ հարցի՝ ո՞ւմ եմ վաճառելու իմ ծիրանը և լոլիկը։ Քանի դեռ այս հարցին հստակ պատասխան չկա, եվրաինտեգրումը մնում է գեղեցիկ, բայց տնտեսապես ռիսկային քաղաքական օրակարգ։