717 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-20 17:58
Քաղաքական խաղադաշտ

Ես եղել եմ 10 տարի նախագահ և չի եղել մեկ խոստում, որը կատարած չլինեմ․ Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունը ոտքից գլուխ սադրիչների իշխանություն է՝ սադրիչի ղեկավարությամբ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Պռոշյանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընտրությունների ամբողջ իմաստն այն է, թե իշխանությունը նախորդ ընտրություններին ինչ է խոստացել և ինչ է արել իրականում։

«Վերցրեք 2021 թվականի ընտրություններին ՔՊ-ի ծրագիրը՝ ինչ են խոստացել և ինչ են արել՝ 180 աստիճանով հակառակը։ Ես զարմանում եմ, թե ինչ երեսով են ևս մեկ անգամ ժողովրդի քվեն խնդրում։ Եթե դու կարող ես խոսք տալ մի բան, անել ճիշտ հակառակը և նորից վերընտրվել, ուրեմն ընտրություններն անիմաստ են»,- նշեց երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց, որ իրենց թիմը տարբերվում է գործող իշխանությունից նրանով, որ ունի անցած ճանապարհ և փորձ։ Քոչարյանը հիշեցրեց իր պաշտոնավարման տարիները՝ պնդելով, որ իր նախագահության 10 տարիներին, չի եղել մեկ խոստում, որը չի իրականացրել։

«Այս մարդը սադրեց պատերազմը, պարտվեց այդ պատերազմում, և հիմա ասում է՝ դե գիտեք, այն ժամանակ ուրիշ ձև էի մտածում, հիմա՝ ուրիշ ձև։ Ով քվեարկում է Նիկոլի օգտին, քվեարկում է Ալիևի համար։ Սա այն բանաձևն է, որով մենք բոլորս առաջ պետք է շարժվենք, որովհետև այս մարդու «պուլտը» Ալիևի ձեռքին է»,- հայտարարեց Քոչարյանը։