«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ քաղաքաշինության ոլորտում տիրող քաոսին և բանակի վերակառուցմանը։
Խոսելով Երևանում ընթացող բուռն շինարարության մասին՝ նախագահն ասաց, որ գործընթացն ընթանում է առանց ենթակառուցվածքների (կոյուղի, ջրամատակարարում, հոսանք) համապատասխանեցման, ինչն անգրագիտության կամ կոռուպցիայի հետևանք է։ Ըստ նրա՝ թույլտվությունների համար վերցվող կաշառքների պատճառով աչք են փակում պրոֆեսիոնալ մոտեցումների վրա, ինչի արդյունքում քաղաքում ջրի ու հոսանքի լուրջ խնդիրներ են առաջանում։
Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մեկուկես տարվա ծառայությամբ հնարավոր է ապահովել անվտանգությունը միայն պայմանագրային զինծառայողների թվի շեշտակի մեծացման դեպքում։ Սակայն, ըստ նախագահի, հնարավոր չէ համալրել բանակը, երբ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ է վարձատրվում, քան Երևանի կենտրոնում ծառայող պարետը։
Եզրափակելով միտքը՝ երկրորդ նախագահը նշեց, որ մարտունակ բանակի հետ մեկտեղ փոքր երկրին անհրաժեշտ է հզոր դաշնակից։