«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը հարցազրույցի ընթացքում անդրադարձավ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և իշխանությունների գործելաոճին՝ տեղի ունեցողը որակելով որպես ռեպրեսիվ դրսևորումներ։
Սուրենյանցի պնդմամբ՝ միայն մեկ օրվա ընթացքում գործող վարչապետն այնքան ապօրինություններ թույլ տվեց, որ դրանք բավարար են նրան ամբողջ կյանքում անազատության մեջ պահելու համար։
Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի շուրջ ստեղծվածին՝ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ ականատես ենք լինում համաշխարհային պատմության մեջ աննախադեպ մի երևույթի, երբ երկրի ղեկավարն ուղիղ եթերում հրահանգ է տալիս իրավապահներին, թե ում նկատմամբ և որ հոդվածով է պետք քրեական հետապնդում սկսել։
«Նիկոլ Փաշինյանն այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում, ինչը ընտրական օրենսգրքի պահանջն է։ Հետևաբար, իրավապահ մարմիններն ու նրան ենթակա կառույցներն իրավունք չունեին նրան որևէ բան զեկուցելու։ Այսինքն՝ ոչ միայն ապօրինի զեկուցել են, այլև ինքն այդ զեկույցներն օգտագործել է իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար»,- հայտարարեց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ նորմալ ժողովրդավարական երկրում միջազգային դիտորդները հենց հիմա պետք է բարձրաձայնեին այս խնդիրը, քանի որ արձակուրդի ռեժիմը փաստացի չի գործում, ինչը հիմք է տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեղարկելու իշխող ուժի գրանցումը։