ԱԱԾ աշխատակիցները բացել են կոդավորված դռներն ու ներխուժել Թևանյանի բնակարան այն ժամանակ, երբ տանը մարդ չի եղել:
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս պահին իրավապահները խուզարկում են ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանի բնակարանը։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն ու քննիչները նախապես իմացել են շենքի շքամուտքի և վերելակի հատուկ անվտանգության կոդերը։ Նրանք բացել են կոդավորված դռներն ու ներխուժել Թևանյանի բնակարան այն ընթացքում, երբ ընտանիքի անդամները տանը չեն եղել՝ դրանով իսկ խախտելով նախնական պայմանավորվածությունը, ըստ որի՝ քննչական գործողությունները պետք է կատարվեին միայն գործչի ներկայությամբ։
Գրասենյակի խուզարկության արդյունքում իրավապահներն առգրավվել են համակարգչային սարքավորումներ, կրիչներ և փակ ծրարով փաստաթղթեր։ Մանուկյանը վստահեցնում է, որ որևէ անօրինական նյութ չի հայտնաբերվել, քանի որ դրանք բացառապես Թևանյանի վերլուծական հոդվածներն ու կուսակցության օրինական գործունեությանը վերաբերող թղթերն են։
Նա տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական հոգեբանական ճնշում և գործող իշխանությունների կողմից իրականացվող «մասկի շոու»։