Տեսախցիկները ֆիքսել են մեր տան վրա իրականացված յուրօրինակ հարձակումը, որի առնչությամբ արդեն իրավական ընթացակարգեր ենք սկսել: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանը պատմեց, որ շենքի այն հատվածը, որտեղ ինքը բնակվում է, ունի առանձին վերելակ և շքամուտքի դուռ։ Տեսախցիկների արձանագրած կադրերի համաձայն՝ լուսադեմին բնակարանի մոտ հայտնվել են կասկածելի անձինք:
«Առավոտյան ժամը 5:40-ի սահմաններում գալիս են երկու հոգի, դատելով կադրերից՝ երիտասարդներ, ուժով բացում են դուռը և ոչ մի գործողություն չեն անում: Հետո մի րոպե անց էլի վերադառնում են, մի հատ էլ են փորձում բացել, թողնում, գնում են: Ես չեմ կարծում, որ սպորտային հետաքրքրությունից դրդված կարող են առավոտյան 5:40-ին նման քայլի դիմել»,- ասաց Թևանյանը։
Նա հավելեց, որ անձինք եղել են առանց դիմակների, և նրանց դեմքերը հստակ երևում են տեսագրության մեջ: Դեպքի առնչությամբ Թևանյանն անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին: Ներկայումս ոստիկանությունում նախաձեռնված է քրեական վարույթ՝ գույքի վնասման, գողության փորձի և այլ համապատասխան հոդվածներով:
«Մենք տարիներով այդտեղ ապրում ենք, բոլորը գիտեն, և հանկարծ՝ այդպիսի դեպք: Միգուցե իրենց կարծիքով փորձել են ինչ-որ մթնոլորտ ձևավորել, հոգեբանական ազդեցություն գործել կամ ինչ-որ մեսիջ տալ: Ողջամտորեն ամեն ինչ կարող եմ կասկածել»,- նշեց նա:
Թևանյանը կատարվածը կապեց ընդդիմության բավականին ակտիվ ու ինտենսիվ քարոզարշավի և սոցիոլոգիական պատկերի հետ: Ըստ նրա՝ գործող իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ունեն նույն տվյալները և հստակ գիտակցում են, որ պարտվում են հավաքական ընդդիմությանը:
Նրա համոզմամբ՝ հենց այդ պարտության վախն է դրդում իշխանություններին դիմելու տարբեր ապօրինությունների և քրեական հետապնդումների, որոնց վերջնական նպատակն է իրեն չեզոքացնել և դուրս թողնել քաղաքական պրոցեսներից։
«Երևի մտածում է, որ ինձ խաղից հանելով, չեզոքացնելով՝ կկարողանա վնասել մեր քաղաքական միավորին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: