5559 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 17:38
Պատմության հետքերով Քաղաքական խաղադաշտ

Ողջ Հայաստանը մերժում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը. Անդրանիկ Թևանյան

Գործող իշխանությունն իր վերարտադրության ու կաշվի փրկության համար միայն դավաճանության ճանապարհն է տեսնում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ Երևանը խայտառակ մակարդակով է կառավարվում, և երևանցիներն իրենց մաշկի վրա են զգացել ՔՊ-ի ձախողումները։ Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արդեն երկու տարի շարունակ երևանցիների կողմից համարվում է թիվ մեկն իր ակտիվ գործունեությամբ, և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով իրենք մայրաքաղաքի համար հստակ լուծումներ ունեն։

Բանախոսը շեշտեց, որ Երևանի գործող իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 9%-ի քվեն է ստացել և դիրքերը պահել է քաղաքական կոռուպցիայի ու ստվերային աճպարարության արդյունքում։

«Եթե նախկինում կորոնավիրուսի ժամանակ ասում էին՝ մնա՛ տանը, փրկի՛ր կյանքեր, ապա հիմա մենք հակառակն ենք ասում՝ դո՛ւրս արի տնից և փրկի՛ր կյանքեր։ Բառիս բուն իմաստով փրկիր կյանքեր, որովհետև սրանք պատերազմ ու նոր կորուստներ են բերելու։ Մենք հնարավորություն ունենք ընտրատեղամասերում տալու մեր կռիվը, որպեսզի հետո ստիպված չլինենք մարտի դաշտում կռվել»,- կոչ արեց Անդրանիկ Թևանյանը։

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորի թեկնածուն նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառով սպասվող տնտեսական ճգնաժամից ու ցնցումներից խուսափելու միակ տարբերակը ընտրատեղամաս գնալն է՝ առաջինը մերժելով ՔՊ-ին և ձայնը տալով այլ ազգային ուժերին։