1305 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-09 19:16
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը համաձայնել է դառնալ մանրադրամ՝ սեփական կաշվին փրկելու համար․ Անդրանիկ Թևանյան

Պետք է ցավով արձանագրել, որ այս իշխանությունը եռատոնը գողացել է մեր ժողովրդից։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Տեղի է ունեցել կողոպուտ պետական մակարդակով․ Արցախը հանձնվել է։ Մենք Շուշիի ազատագրման օրն էինք նշում որպես եռատոներից մեկը։ Մենք նշում էինք նաև ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, բայց այսօր նեոֆաշիզմի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Զելենսկին, գալիս է Երևան և անում հայտարարություններ, որոնք ընդհանրապես մեր շահերի հետ կապ չունեն, մեր երկրի և հայ-ռուսական հարաբերությունների դեմ են ուղղված»,- ասաց նա։

Ըստ Թևանյանի՝ պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչներն այս օրերին Երևանում չեն։

«Գնացել են իբր նախընտրական քարոզարշավի, բայց իրենք կարող էին այդ նախընտրական քարոզարշավի պլանն այնպես կազմել, որ պաշտոնապես այց լիներ և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի, որտեղ մեր պապերի հիշատակին նվիրված անմար կրակի մոտ կարող էին իրենց հարգանքի տուրքը մատուցել։ Բայց չարեցին, նաև Եռաբլուր այց չեղավ։ Իրենք արժեզրկում են մեր բոլոր ձեռքբերումները, և սրանք պետական մակարդակով կողոպտիչներ են՝ քաղաքական կողոպտիչներ։ Եվ այս առումով օրվա խորհուրդն այն է, որ մենք պետք է գնահատենք մեր անցյալը, մեր պատմությունը, մեր արժեքները, պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը և կարողանանք իրական ու երաշխավորված խաղաղություն ապահովել մեր երկրի համար»,- ասաց նա։