Հայաստանը չպետք է փոխի իր Սահմանադրությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանում չանցնելու դեպքում իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների։
«Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» իրենց գործողություններով համաձայնել են հերթական զիջմանը։ Սահմանադրության փոփոխության այս գործընթացը տեղի է ունենում Ալիևի պահանջով։ Միանգամայն հստակ է՝ Հայաստանը չպետք է փոխի իր Սահմանադրությունը Ալիևի պահանջով»,– ընդգծել է պատգամավորը։
Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմությունը նոր ընտրությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնում է դեռևս հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա պնդմամբ՝ ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ խախտումներով և բռնաճնշումներով, իսկ արդյունքները վիճարկվել են Սահմանադրական դատարանում։
Պատգամավորը հիշեցրել է նաև ԵԽԽՎ զեկույցը, որում, նրա փոխանցմամբ, արձանագրվել են ընտրական գործընթացի հետ կապված խնդիրներ։
Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» համաձայնագրին՝ Աբրահամյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարց է ուղղել արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ինչո՞ւ է այդ համաձայնագիրը հասել խորհրդարան, մինչդեռ խաղաղության պայմանագրի գործընթացն առաջ չի շարժվում։
Նրա փոխանցմամբ՝ Միրզոյանը պատասխանել է, որ Ադրբեջանի հանրային խոսույթում առկա է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ, թեև բանակցություններում այն պաշտոնապես չի ներկայացվել որպես պահանջ։
Խոսելով հնարավոր արտահերթ ընտրություններից՝ Աբրահամյանը նշել է, որ 2021 թվականի համեմատ ընդդիմադիր ուժերի ստացած ձայներն ավելացել են շուրջ 80 տոկոսով։
«Եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կկորցնեն իշխանությունը, իսկ ընդդիմությունը կձևավորի նոր կառավարություն»,– հայտարարել է նա։
«Իշխանություն» լրատվականի հարցին՝ արդյոք իրենք անձամբ Փաշինյանին ներկայացրե՞լ են ընտրախախտումների և քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկությունները, Աբրահամյանը պատասխանել է, որ իրենց գործընկեր Անդրանիկ Գևորգյանը, որը Ստեփանավանում եղել է նախընտրական շտաբի պատասխանատուն, տեսանյութով արդեն անդրադարձել է այդ դեպքերին և ներկայացրել համապատասխան տեղեկություններ։