273 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-22 18:00
Քաղաքական խաղադաշտ

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի համար գնահատելի ու հուսալի գործընկեր է, ինչպես նաև եվրոպական արժեքների և եվրաինտեգրման գործընթացների ականավոր կրող։ Նա բարձր է գնահատել դեսպանի արդյունավետ առաքելությունն այդ սկզբունքների կենսագործման, ինչպես նաև երկու երկրների միջև հուսալի կամուրջ դառնալու գործում։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Չեխիայի պատրաստակամությունը՝ նոր ազդակ հաղորդելու երկու պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումը, եվրաինտեգրման գործընթացների կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների իրականացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի խորացման, հատկապես՝ ՀՀ ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների ու կայունության ապահովման շուրջ: ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։

Պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի վրա՝ հատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովման առանցքային նշանակությունը և դրանում առկա ներկայացված խնդիրները, այդ թվում՝ ընտրական գործընթացների տեսանկյունից։

Քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացմանը։