1032 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-21 14:04
Քաղաքական խաղադաշտ

Իմ գործը հիմա երևի կարում են՝ Նիկոլին չեմ ներելու. Անդրանիկ Թևանյան

Պետական դավաճանը հենց Նիկոլ Փաշինյանն է: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին։

Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իրավապահ մարմիններից դեռևս որևէ ծանուցում կամ տեղեկություն չի ստացել, սակայն ենթադրում է, որ քաղաքական պատվերով պրոցեսներ կսկսվեն:

«Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ պրոցեսներ սկսելու են: Երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են՝ ինչ անեն: Բայց այնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր և ճղճիմ իշխանության հետ գործ ունեն»,- ասաց նա:

Թևանյանը շեշտեց, որ հանրահավաքի ժամանակ իրավապահներին ուղիղ ցուցումներ տալն ապօրինություն է, ինչը Փաշինյանի պարագայում նորություն չէ՝ հիշեցնելով նախկինում դատարանների շրջափակումն ու Սահմանադրական դատարանի վրա հարձակումները, որոնց համար գործող ղեկավարը, ըստ նրա, դատվելու է:

Քաղաքական գործչի ձևակերպմամբ՝ Փաշինյանը գործում է «սերիական մարդասպանի տրամաբանությամբ», քանի որ գիտի, որ իշխանությունից զրկվելու դեպքում կանգնելու է դատարանի առաջ, պատրաստ է սեփական կաշին փրկելու համար զոհաբերել ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նախկինում զոհաբերեց Արցախը:

Անդրանիկ Թևանյանն իր խոսքում անդրադարձավ արտաքին ուժերի ակտիվ միջամտությանը Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ նշելով, որ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտ պաշտպանում է գործող իշխանությանը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խայտառակ միջամտություն է իրականացնում, ինչն արգելված է թե՛ ներքին օրենսդրությամբ, թե՛ միջազգային պրակտիկայով:

Թևանյանը որպես օրինակ՝ բերեց Արևմուտքի նմանատիպ միջամտությունները Մոլդովայում, Բելառուսում և 2008 թվականի Վրաստանում, որտեղ Սահակաշվիլու քաղաքականության պատճառով երկիրը վերածվեց աշխարհաքաղաքական մանրադրամի: Ըստ նրա՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվել են այդ կործանարար ուղուց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը տանել այդ ճանապարհով: