2118 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-21 13:53
Քաղաքական խաղադաշտ

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դատվելու է․ Անդրանիկ Թևանյան

ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործել է պետական դավաճանություն՝ կատարելով Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Իր ելույթում Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց, որ համաձայն գործող նորմատիվ իրավական ակտերի և Գերագույն խորհրդի որոշման՝ Հայաստանի որևէ ղեկավար իրավունք չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի մաս:

«Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ գործելով պետական դավաճանություն»,- հայտարարեց Թևանյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ գործընթացը սկսվել էր դեռևս 2022-ի ապրիլին, երբ ԱԺ ամբիոնից հայտարարվեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին: Թևանյանի խոսքով՝ թեև «Դիմադրության շարժումը» որոշակիորեն հետաձգեց այդ գործընթացը, սակայն սեպտեմբերյան երկօրյա պատերազմը (Ջերմուկյան դեպքերը) և հանրության շրջանում ձևավորված վախի մթնոլորտն օգտագործվեցին խոստացված ծրագիրն իրականացնելու համար:

Պատգամավորի թեկնածուն շեշտեց, որ Պրահայի հանդիպումից հետո, երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, միջազգային ուժերն ու ռուս խաղաղապահները զրկվեցին պաշտպանական ֆունկցիա իրականացնելու լեգիտիմ հնարավորությունից: Դրան հաջորդեց բլոկադան, իսկ 2023-ի սեպտեմբերյան հարձակումից հետո՝ 120․000 հայերի բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը:

Անդրանիկ Թևանյանն անդրադարձավ նաև ներքին խնդիրներին՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո գործող վարչախումբը պատասխան է տալու տնտեսական չարաշահումների համար։