այաստանում կա երկու քաղաք, երկու ճանապարհ, որոնցով հայրենասեր մարդը չի կարողանում հանգիստ անցնել։ Մեկը Վարդենիսն է, մյուսը՝ Գորիսը։ Ամեն մեկս, հասնելով Գորիս և Վարդենիս, չենք կարողանում հանգիստ ապրել այն սրտի ցավով, որ ունենք կորսված Արցախ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
Նա ընդգծեց, որ Արցախի կորուստը հսկայական հարված էր այս տարածաշրջանների կենսագործունեությանը։ Նա նկատեց, որ այստեղ հաստատված բազմաթիվ արցախցիներ փորձում են շարունակել իրենց կյանքը, օրինակ՝ մեղվաբուծությամբ զբաղվելով, որպեսզի Բերդաձորի բուրմունքն ավելացնեն իրենց մեղրի մեջ։
Մանուկյանի ձևակերպմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքական պայքարը գնում է երկու տարբեր տեսակի մարդկանց միջև։ Առաջին տեսակն այն քաղաքացիներն են, ովքեր համախմբվել են «Հայաստան» դաշինքի և երկրորդ նախագահի շուրջ։ Նրանք այն գորիսեցիներն են, ովքեր առաջինն իրենց վրա վերցրին հարվածն ու դիմավորեցին, փայփայեցին ու օգնության հասան 100 հազարից ավելի արցախահայությանը։
«Որևէ նորմալ հայ այս ընթացքում երեսով չի տվել, թե ինչ է արել արցախցիների համար, որովհետև դա մեր պարտքն էր։ Հենց Արցախն էր պահում, որ Գորիսն ու Վարդենիսը, Շուռնուխն ու մյուս գյուղերը սահմանամերձ չդառնան»,- շեշտեց պատգամավորը։
Ըստ պատգամավորի՝ երկրորդ տեսակը գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի մարմնացումն է։ Նրանք տարեց մարդկանց տեսնելիս անընդհատ կրկնում են, թե թոշակը 10 հազար դրամով բարձրացրել են, բայց այդ երկու կոպեկի համար ժողովրդի քթից են բերում։ Որպես այս տեսակի օրինակ Մանուկյանը նշեց Թալինի ՔՊ-ական քաղաքապետին, ով հարձակվում է եկեղեցու և հայրենակիցների վրա, և ով իր գերդաստանով 30 տարվա մեջ հազար տեր է փոխել՝ մեկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելով, մեկ՝ նրա դեմ։
Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունը հենց այս երկու տեսակի միջև է՝ կա՛մ Հայաստանը վերադարձնում է հայ տեսակի իշխանությունը, կա՛մ երկիրը թողնվում է թշնամու ձեռքին։
Պատգամավորը խիստ քննադատեց գործող իշխանության որդեգրած գործելաոճը, որով փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել իրական վտանգներից։
«Սև լճի մոտ ծածկադմփոց արեցին, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Առավոտվանից քեֆ-ուրախություն է, համերգներ ու գառան խաշլամա, միայն թե մարդկանց ուղեղից հանեն այն փաստը, որ Իշխանասարի գլխին թուրքն է նստած, և ձեր գյուղերի սահմաններից թուրքական դիրքերը ընդամենը 30 մետր հեռավորության վրա են։ Տեղ գյուղի դիրքեր գնալիս մարդու լաց է գալիս։ Քարը որ խփում ես, հասնում է թուրքերին, բայց այդ քարը խփելու համար էլ մեր զինվորին են պատժում»,- ասաց նա։