Եթե Փաշինյանն այդքան հզոր տղա է, որ կարողանում է տուն խլել ու տալ, թող գնա Սյունիքի մեր սարերը գրաված, այնտեղ իրենց զորամասերը տեղակայած ադրբեջանցիներին հանի ու այդ տարածքները տա մեր ժողովրդին։ Թե չէ դատարկ խոսելով երկիր չի կառուցվում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Էջմիածնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ այսպես արձագանքեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մինչև 2031 թվականը պատրաստվում է խլել և ծերերին հանձնել սարի գլխին գտնվող իր առանձնատունը։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ գործող վարչապետի կողմից հնչող ամենօրյա նոր սպառնալիքները պայմանավորված են նրանով, որ հողը նրա ոտքերի տակից գնում է, և նա այլևս ասելիք չունի։
«Այսօր նրան ոչինչ չի մնացել․ ոչ ծրագիր ունի, ոչ էլ ութ տարվա մեջ իր տված խոստումներից որևէ մեկն է կատարել։ Միակ բանը, որ ասում է՝ «ժողովուրդ ջան, վերցնելու եմ, տամ ձեզ»։ Այս ութ տարվա մեջ ժողովրդին ի՞նչ է տվել, ժողովրդի կյանքում ի՞նչ է փոխվել։ Պարտքերը կուտակել է, մարդկանց խեղճացրել, փոխարենն իր թիմակիցներին ու նախարարներին է պարգևավճարներ տալիս։ Թող ասի՝ թոշակառուին ի՞նչ է տվել։ Եթե ութ տարի ոչինչ չի արել, հիմա՞ պիտի անի»,- շեշտեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս սպառնալիքները կարող են ազդել ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի վրա, Ծառուկյանը վստահեցրեց, որ դրանք ունենում են հակառակ ազդեցությունը, քանի որ ժողովուրդն արդեն ամեն ինչ հասկացել է։
«Իրենց հանրահավաքներին վեց ավտոբուսով մարդ են տանում, որ կողքը կանգնեն ու ծափ տան, բայց թե ինչի համար են ծափ տալիս, ես էլ չեմ հասկանում։ Կամ այսօր մի ղարաբաղցի կնոջ էին բերել, որը փաթաթվում ու շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին։ Թոռը զոհվել է, ամուսինը զոհվել է, ինչի՞ համար է շնորհակալություն հայտնում, չեմ հասկանում։ Բայց սա է իրականությունը, տեսնում եք՝ ինչեր են անում»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։