1452 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-25 21:22
Հայաստանով մեկ

Քաջարանում բացվեց Ֆրանկոֆոն կենտրոն․ նոր կամուրջ Սյունիքի և Ֆրանսիայի միջև

Քաջարանում բացվեց Ֆրանկոֆոն կենտրոն, որը միտված է դառնալու ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում։

Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր–Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Միջոցառման ընթացքում նշվեց, որ Ֆրանկոֆոն կենտրոնը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Քաջարանի, այլև ամբողջ Սյունիքի համար՝ դառնալով կրթական, մշակութային և միջազգային համագործակցության նոր հարթակ։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշեց, որ Սյունիքի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված հարաբերությունները նոր մակարդակի են հասել։

«Մեր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը տվեցին իրենց արդյունքները, և այսօր Քաջարանում բացվում է Ֆրանկոֆոն կենտրոն, որը կդառնա ուսուցման, ստեղծարարության և բարեկամության վայր»,- ասաց նա։

Կենտրոնում իրականացվելու են ֆրանսերենի դասընթացներ, մշակութային և կրթական ծրագրեր։ Ներկայում այստեղ սովորում են շուրջ 85 երեխաներ, պատանիներ և մեծահասակներ։

Հատկանշական է, որ սա «Օվերն-Ռոն-Ալպեր–Սյունիք» ցանցի նախաձեռնությամբ ստեղծված առաջին Ֆրանկոֆոն կենտրոնն է։

Ծրագիր՝ ամբողջ Սյունիքի համար

Լրատվամիջոցների հետ զրույցում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ֆինանսների հանձնաժողովի նախագահ Գիլի Կովաքսը նշեց, որ Քաջարանի կենտրոնը մեծ ծրագրի մի մասն է։

«Այս կենտրոնը բացվեց «Ֆրանկոֆոն կենտրոնների ցանցը Սյունիքում» ծրագրի շրջանակում։ Մենք ունենք արդեն գործող կենտրոններ Գորիսում և Կապանում, իսկ Քաջարանի կենտրոնը դեռ սկիզբն է։ Ակնկալում ենք, որ այն կդառնա շարժիչ ուժ՝ Սյունիքի մյուս քաղաքներում ևս նման կենտրոններ ստեղծելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի վերաբերմունքը Սյունիքի նկատմամբ արտահայտվում է նաև ակտիվ համագործակցությամբ։ Նա ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Պատմական օր Սյունիքի համար»

Լրատվամիջոցների հետ զրույցում Ֆրանսիայի Վիեն քաղաքի առաջին փոխքաղաքապետ, «Օվերն-Ռոն-Ալպ – Սյունիք» համագործակցության ցանցի համակարգող Լևոն Սաքունցը Ֆրանկոֆոն կենտրոնի բացումը պատմական իրադարձություն համարեց։

«Այսօր պատմական օր է Սյունիքի և հատկապես Քաջարանի համար։ Ֆրանսիան այստեղ բացում է ֆրանկոֆոնիայի կենտրոն, ինչը նշանակում է, որ քաղաքի երիտասարդները հնարավորություն են ստանում սովորել ֆրանսերեն, շփվել Ֆրանսիայի ու Եվրոպայի հետ և ավելի սերտ կապեր հաստատել»,- նշեց նա։

Սաքունցը ընդգծեց, որ ձևավորվում է քույր քաղաքների և քույր մարզերի համագործակցության նոր համակարգ։

«Օվերն-Ռոն-Ալպը և Սյունիքը դառնում են գործընկերներ, և բոլորս միասին աշխատում ենք, որպեսզի ծրագրերը լինեն ավելի կայուն և տեսանելի»,- ասաց նա։

Միջոցառման ավարտին մասնակիցները նշեցին, որ Քաջարանի Ֆրանկոֆոն կենտրոնը կարող է դառնալ հանդիպումների, գիտելիքի և մշակութային փոխանակումների կարևոր վայր՝ նպաստելով Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։