1260 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 19:26
Քաղաքական խաղադաշտ

ԿԸՀ-ն գաղտագողի, գիշերով փորձեց պայքարից հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը․ Գեղամ Մանուկյան

ԿԸՀ-ն գաղտագողի, գիշերով փորձեց պայքարից հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը․ Գեղամ Մանուկյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին և ԿԸՀ-ի որոշմանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հանրության շրջանում մեծ զայրույթ է առաջացրել այն փաստը, թե ինչպես ԿԸՀ-ն, Նիկոլ Փաշինյանի պատվերով, գաղտագողի՝ գիշերով, փորձեց ընտրապայքարից դուրս թողնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

«Այդ բողոքը, որ ուրբաթ օրը քննում էին, արդեն մեկ շաբաթ ԿԸՀ-ում էր։ Բա մի շաբաթ ինչո՞ւ ձայն չէին հանում։ Հենց Նիկոլը գժվեց՝ տեսնելով, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է խորհրդարան, անմիջապես հանձնարարական տվեց իր նախկին, ծեծ կերած լրագրողին»,- նշեց Մանուկյանը։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց նաև ընտրական գործընթացներում ռազմական ոստիկանության և զինկոմիսարիատների ներգրավվածության, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ ընտրություններից հետո հազարավոր մարդկանց վրա երկրից ելքի արգելք է դրվել, քանի որ 25-օրյա վարժական հավաքները իշխանությունն օգտագործում է որպես պատիժ։

Մանուկյանը հայտնեց, որ ընդդիմության նախընտրական շտաբն այս օրերին ակտիվ ուսումնասիրություններ է իրականացնում։ Շուրջ 200 ընտրատեղամասերի արդյունքների և ստորագրությունների համադրումից արդեն իսկ կան փաստական տվյալներ, որոնք հերքում են իշխանության և ԿԸՀ-ի պաշտոնական թեզերը։

«Սուտ է ասում իշխանությունը, սուտ է ասում ԿԸՀ-ն, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել։ Արդեն կան փաստեր, որ զինվորականներին վերապահված քվեարկությանը մի քանի հազար ավել մասնակցություն է եղել»,- ասաց նա

Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ 2026 թվականի ընտրությունների քննությունը չի վերջանալու, և Նիկոլ Փաշինյանի դեմ կուտակված մեղադրանքների շարքին ավելանալու է նաև այս ընտրակեղծիքների հատորը։ Նա շեշտեց, որ իշխանությունն ամիսներ շարունակ պետական բյուջեի հաշվին քողարկված ընտրակաշառք է բաժանել տարբեր խմբերի։

«Ամենամեծ կաշառքը, որ երբևէ տեսել է Հայաստանի ընտրական կյանքը, եղել է այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի օրոք»,- հայտարարեց նա։

Ելույթի ավարտին Մանուկյանը զգուշացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու գողացված քվեներով անարդար օրենսդիր իշխանության ձևավորումը։

Նա պահանջեց, որ ԿԸՀ-ն ընդունի ընդդիմադիր կուսակցությունների իրավաբանների ներկայացրած բոլոր օրինական պահանջները, քանի որ դրանք արտահայտում են ժողովրդի կամքն ու քվեն, իսկ ժողովրդի կամքի դեմ դուրս եկող ցանկացած ոք պատասխանատվություն է կրելու։