1680 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 17:05
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանցիները հասել են իմ պապերի գերեզմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու․ Սևակ Խաչատրյան

Ադրբեջանցիները հասել են իմ պապերի գերեզմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու․ Սևակ Խաչատրյան

Ես էլ ձեզ պես մտահոգ եմ մեր երկրի ապագայով, ես էլ ուզում եմ տեսնել մեր երկիրն այնքան լավը, որ մեր զավակները, մեր վաղվա սերունդն իրենք էլ ուզենան ապրել այս երկրում։ Առաջնահերթ մտահոգված եմ անվտանգությունով, որովհետև իմ պապերի գերեզմանը Հարթաշեն գյուղում է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։

«Հիմա հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրահրած ու բերած այս աղետալի պատերազմից հետո ադրբեջանցիներն արդեն հասել են իմ պապերի գերեզմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասաց նա։

Խաչատրյանն անկեղծացավ, որ իրեն և իր ամբողջ ընտանիքին սարսափեցնում է այն միտքը, թե ինչ կլինի, եթե հունիսի 7-ին հայ ժողովուրդը նորից քվե տա Նիկոլ Փաշինյանին։ Նա շեշտեց, որ գորիսեցիներն այն մարդիկ են, ովքեր իրենց աչքով տեսան ու դիմավորեցին արցախցիներին, ականատես եղան այդ ցավալի տեսարաններին, և հիմա բոլորը պետք է պայքարեն, որպեսզի կտրեն այդ աղետալի ընթացքի շղթան։

Ելույթի ավարտին Սևակ Խաչատրյանը կոչ արեց գորիսեցիներին ըմբոստ կեցվածք դրսևորել ընտրություններին։

«Չնայած ծնվել ու մեծացել եմ Էջմիածնում, բայց ես գորիսեցու ընտանիքի զավակ եմ, այս սաղ սարերում ու աղբյուրներում եղել եմ և ինձ ոգով իսկական գորիսեցի եմ համարում։ Լավ գիտեմ, թե ինչի է պատրաստ գորիսեցին, և վստահ եմ, որ հունիսի 7-ին իրենց քվեն կտան «Հայաստան» դաշինքին»,- ասաց նա։