Առաջին անգամ Վանաձորում հանդիպում եմ ունեցել ժողովրդի հետ 1988 թվականի վերջին կամ 89-ի սկզբին՝ հենց այս պուրակում։ Այդ ժամանակ ես ձեր կողմից ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, և դա ինձ համար եղավ մի վահան, որն օգնեց մեծ ու արդյունավետ պայքար մղել Արցախում։ Այն ժամանակ այս նույն տեղից ես ասել էի՝ վստահ եղեք, որ Արցախի պայքարը բերելու ենք տրամաբանական ավարտին, ունենալու ենք ազատ ու անկախ Արցախ, և մենք դա արեցինք։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վանաձորում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց անցյալի ճգնաժամային իրավիճակների և իր քաղաքական առաքելության միջև։
«Այնպես է ուղղակի իմ ճակատագիրը դրսևորվել, որ երբ վիճակը շատ է վատանում՝ ինձ հիշում են, իսկ երբ շատ լավ է լինում՝ ասում են՝ այս Քոչարյանը շատ խիստ է, սաղին աշխատացնում է։ 1992 թվականի օգոստոսին, երբ Արցախի կեսն օկուպացված էր, իմ վրա վերցրի ամբողջ պատասխանատվությունը, ստեղծեցինք Պետական պաշտպանության կոմիտեն, և դրանից հետո սկսվեցին մեր հաղթանակները։ 1997-ին, երբ Ղարաբաղի նախագահ էի, Հայաստանում վիճակը վատ էր, ինձ երկար համոզեցին, որ գամ ու ստանձնեմ վարչապետի պաշտոնը։ Համաձայնվեցի և պատվով կատարեցի։ 10 տարի Հայաստանը եղել է անվտանգ, տնտեսությունն աճում էր 12% տեմպերով, ՀՆԱ-ն աճեց 6 անգամ, բյուջեն՝ 8 անգամ, թոշակները՝ 6 անգամ»,- ասաց նա։
Երկրորդ նախագահն անկեղծացավ, որ պաշտոնավարումից հետո հեռացել էր՝ համոզված լինելով, որ երկիրը ճիշտ ուղու վրա է, և վերադառնալու ցանկություն չուներ, սակայն 2018 թվականից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։
«Չէր կարելի չնկատել, որ սա բերելու է մեծ ողբերգության և քարուքանդ է անելու մեր բոլոր ձեռքբերումները, ու ես չսխալվեցի։ Հիմա ոչ թե ինձ են համոզում, որ ես գամ, այլ ես եմ ձեզ համոզում. տվե՛ք այդ լիազորություններն ու հնարավորությունը երրորդ անգամ անելու ամեն ինչ, որ Հայաստանը մնա հայկական՝ հայերի համար։ Ես իմ ոտքով եկել եմ և ձեզ դիմում եմ՝ տվե՛ք այդ հնարավորությունը, երկիրը սրիկաներից պետք է ազատել»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով Վանաձորի զարգացման հեռանկարներին և տեղական խնդիրներին՝ դաշինքի առաջնորդը ներկայացրեց հստակ տնտեսական տեսլական։
«Մեր մոտեցմամբ՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, և մենք այդ փառքը պետք է վերադարձնենք այստեղ։ Իսկ արդյունաբերական երկիր ունենալու համար պետք է լավ, բարձր մակարդակի կրթություն։ Այս բոլոր հարցերը ստանալու են իրենց լուծումը։ Բացի այդ, ինձ դիմել են այստեղ տուրիզմի զարգացման և ճոպանուղի կառուցելու հարցով։ Իմ ժամանակ կառուցել ենք Ծաղկաձորը, դարձրել լեռնադահուկային կենտրոն, ճոպանուղի է կառուցվել Ջերմուկում։ Խոստանում եմ՝ դուք շատ կարճ ժամանակում ունենալու եք նաև դա»,- ասաց նա։