Չկա՛ Նիկոլ, չկա՛ պատերազմ, չկա՛ Նիկոլ, կա՛ Հայաստան։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշեց, որ քարոզարշավի նախավերջին օրն է և իրենց վերջին հանրահավաքը, ու իրենք արդեն հասցրել են սովորել մարդկանց հետ անմիջական շփումներին ու ելույթներին։
Անդրադառնալով գործող իշխանության վարքագծին՝ նա հայտարարեց, որ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի քաղաքական պրոցեսը լցվի ստով, կեղծիքով ու ատելության խոսքով՝ փորձելով թշնամացնել ժողովրդին, ինչպես անում էին 2018 թվականից ի վեր։
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո սկսվելու է հակառակ պրոցեսը՝ երկրի վերանորոգումը, հայրենիք կառուցելն ու պաշտպանելը։
Երկրորդ նախագահն առանձնակի մտահոգություն հայտնեց երկրի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ՝ շեշտելով, որ գործող իշխանությունը Հայաստանը դրել է Եվրոմիություն-Ռուսաստան հակասության կենտրոնում, ինչի վտանգների մասին ինքը նախկինում բազմիցս զգուշացրել է մամուլի ասուլիսների ժամանակ։
«Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին, որը շատ նման է Վրաստանի՝ Սահակաշվիլու ժամանակների ճակատագրին։ Մեզ դա պետք չի, և մենք դա մերժում ենք»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ Վրաստանը, տեսնելով Սահակաշվիլու քաղաքականության դառնությունը, մերժեց երկրորդ ճակատ բացելու հրահրումները և ընտրեց հավասարակշռված քաղաքականություն։
Ըստ նրա՝ այս արկածախնդիր քաղաքականության պատճառով արդեն իսկ հարվածի տակ է դրվում Հայաստանի գյուղատնտեսությունն ու ալկոհոլային խմիչքների արտահանման ճանապարհները, իսկ Ռուսաստանն արդեն հնչեցնում է գազի գնի հնարավոր եռապատկման մասին։
Նախընտրական հանրահավաքի ավարտին Ռոբերտ Քոչարյանը ձևակերպեց իրենց դաշինքի արտաքին քաղաքականության տեսլականը՝ նշելով, որ լինելով փոքր երկիր մեծ պոտենցիալով, Հայաստանը պետք է շատ լավ հարաբերություններ ունենա և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ թե մխրճվի նրանց արանքը։