Շատ կառուցելն էլ մի բան չի, հիմա եկեղեցին էլ իմ վրա դրեցին, բայց կկառուցենք, ժողովուրդ ջան։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կատակով իր ելույթը սկսեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ելույթի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ներկաներին մի փոքր մտավոր վարժանք կատարել և պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասեր այն, ինչ իրականում պատրաստվում էր անել՝ խոստանար բարձրացնել տրանսպորտի ու աղբահանության գները, թանկացնել գույքահարկն այնքան, որ մարդիկ սեփական տներում վարձով ապրեն, ինչպես նաև հանձնել Արցախն ու եռապատկել Եռաբլուրը։
«Այս քաղաքական խարդախները խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը։ Իրենց խոսքն ունի զրոյական արժեք»,- շեշտեց նա՝ կոչ անելով այլևս չքվեարկել նույն մարդկանց օգտին։
Երկրորդ նախագահը քննադատեց նաև Երևանի զարգացման տեմպերն ու իշխող թիմի անգործությունը՝ նշելով, որ ութ տարվա ընթացքում պետական պարտքն 8 միլիարդ դոլարով ավելացրած իշխանությունը մայրաքաղաքում ոչ մի խոշոր ծրագիր չի իրականացրել։ Նա հիշեցրեց, որ ժամանակին խոստացված Աջափնյակի մետրոյի կայարանը չկա, տրանսպորտային հանգույցների հարցը չի լուծվել, խցանումները դարձել են լուրջ պրոբլեմ, իսկ կանաչապատման փոխարեն քաղաքն ունի ավելի աղտոտված օդ։
«Ո՞ւր է այդ 8 միլիարդ դոլարը։ Լափել են։ Միայն ուտելով չեն կարող, ոնց որ իրենց այդ «ուրախ ավտոբուսի» մեջ սաղ օրը ուտում են, նույն ձև այդ 8 միլիարդը բերել, կերել են։ Զարմանալին այն է, որ մարսում են, փորկապություն չունեն։ Բայց այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո»,- հայտարարեց Քոչարյանը։
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ դաշինքի առաջնորդը ներկայացրեց իրենց բանաձևը, որը հիմնված է երեք փոխկապակցված բաղադրիչների վրա՝ մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Նա ընդգծեց, որ առանց ուժեղ առաջնորդի հնարավոր չէ ունենալ մարտունակ բանակ և հզոր դաշնակից, քանի որ հակառակ դեպքում պետությունը դառնում է ոչ թե գործընկեր, այլ ուղղակի բեռ։
«Ի՞նչ ունենք մենք այսօր այս երեքից։ Բանակը դարձել է պահակային, քանի որ 90%-ը միայն պահակություն է անում, տարիներով զորավարժություններ չեն լինում։ Ուժեղ առաջնորդի փոխարեն ունենք կզած, ծնկած, երկիրը խայտառակող ղեկավար։ Իսկ երրորդ կոմպոնենտը՝ հզոր դաշնակցի հետ հարաբերությունները, ամեն օր հետևողականորեն փչացնում են միայն նրա համար, որ հետո ժողովրդին ասեն՝ մեր կողքին ոչ ոք չկա, խեղճ ենք, պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Միայն թշնամին կարող է երկիրն այս տարբերակով առաջնորդել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ելույթի վերջում նա կոչ արեց բոլորին հունիսի 7-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և աշխատել հարևանների ու բարեկամների հետ։
«Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար, սա պարզ ճշմարտություն է։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ը, մեր ապագան մեր ձեռքում է»,- եզրափակեց նա։