423 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-10 05:31
Քաղաքական խաղադաշտ

Ռոբերտ Քոչարյան. «Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար»

Ռոբերտ Քոչարյան. «Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար»

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթում անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և խիստ քննադատության ենթարկել Նիկոլ Փաշինյանի վարչակազմին՝ հարևան երկրում տեղի ունեցող զարգացումների ֆոնին «քաղաքական թեթևամտություն» և «անպատասխանատվություն» ցուցաբերելու համար։

Քոչարյանի գնահատմամբ, ամենամեծ ռիսկը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ Իրանի իշխանության դեմ։ «Պատկերացրեք՝ Իրանում էթնիկ հողի վրա խմորումները. 17-20 մլն ադրբեջանցիներ և այլ ազգություններ, և մեր հարևան ու բարեկամ երկիրը, սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար», - ընդգծել է նա։

Այս համատեքստում առանձնակի մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի՝ հակամարտության մեջ ներքաշվելու շարունակվող վտանգը։ Նման սցենարի դեպքում Հայաստանը, իր խորացող ինտեգրմամբ ադրբեջանական և ամերիկյան ռազմավարական նախագծերին, կարող է հայտնվել պատանդի դիրքում։ Քոչարյանը հիշեցնում է, որ դեռ հինգ տարի առաջ «Թրամփի միջանցքի» գաղափարը Հայաստանը կվերածեր Իրանի դեմ հետախուզական գործողությունների կենտրոնի։ Այսօր այդ վտանգը պահպանվում է, հատկապես հաշվի առնելով, որ Երևանում է գտնվում աշխարհի խոշորագույն ամերիկյան դեսպանատներից մեկը, որի գործառույթների զգալի մասը, փաստացի, կարող է ուղղված լինել հարևան երկրի դեմ հետախուզությանը։ Ստեղծված պայմաններում չի բացառվում, որ հակամարտության ձգձգման դեպքում Իրանի պատասխան հարվածների թիրախ կարող են դառնալ Հայաստանի տարածքն ու ենթակառուցվածքները։