Equinox (գիշերահավասար) երաժշտական առաջին փառատոնը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Գառնու տաճարում, թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին կհամախմբի կենդանիհնչողությամբ էթնիկ երաժշտության և էլեկտրոնայինռիթմերի շուրջ:
Փառատոնին կմասնակցի երաժիշտների մի ամբողջ աստղաբույլ. Ջիվան Գասպարյան կրտսեր (դուդուկ), Արտո Թունչբոյաջյան (հարվածային գործիքներ ևվոկալ), Արտյոմ Մանուկյան (թավջութակ), ՆիկոլայՄադոյան (ջութակ), Անահիտ Վարդանյան(էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ): Փառատոնի հատուկ հյուրն է դիջեյ Էխոնոմիստը (Echonomist) Հունաստանից:
Գառնու տաճարի խորհրդավոր մթնոլորտն ու երաժշտական ոճերի յուրօրինակ համադրությունը խոստանում են ձևավորել այս ամառվա գլխավորերաժշտական իրադարձությունը։
Նախաձեռնության հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նման ձևաչափի փառատոն Հայաստանում դեռ չի անցկացվել: «Պատկերացնո՞մ եք դուդուկը, ջութակը, թավջութակն ու այլ գործիքներ հնչում են էլեկտրոնային երաժշտության հետ։ Իհարկե, նախնական պատկեր երաժիշտները ստանում են, բայց փառատոնային համերգին կենդանի հնչողությամբ բացառիկ ելույթներ են սպասվում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ»,-տեղեկացնում է նա:
Մարտիրոսյանն ընդգծում է՝ աշխարհում ֆոլկ երաժշտությունը բեմում այնքան էլ հաճախ չէ համադրվում էլեկտրոնային երաժշտության հետ. հիմնականում ստուդիական ձայնագրություններ են արվում և հրապարակվում համացանցում։ Կենդանի ելույթների համար բարձր պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, ուստի մեկ գաղափարի շուրջ ենհամախմբել լավագույններին:
Կարծում է՝ փառատոնը կարող է հետաքրքրելերաժշտության տարբեր ժանրերի սիրահարներին: «Մեր հայրենակիցներին դուր կգա Արտո Թունչբոյաջյանին ունկնդրել էլեկտրոնայինձևաչափով, հայկական դուդուկի երկրպագուներին կարող է զարմացնել դուդուկի նոր հնչողությունը: Ջիվան Գասպարյանը, Արտո Թունչբոյաջյանը, Նիկոլայ Մադոյանը միջազգային լայն ճանաչում ունեն։ Անահիտ Վարդանյանը, որը բնակվում է Գերմանիայում, ճանաչված է ամբողջ Եվրոպայում, Հայաստանում ևս ունի ակտիվ լսարան, Արտյոմը մի քանի տարի է՝ հետաքրքրված է էլեկտրոնային երաժշտությամբ, իսկ դիջեյ ԷխոնոմիստըՀունաստանում լավագույն դիջեյների հնգյակում է և մեծ ոգևորությամբ է սպասում փառատոնին»,-ասում է Մարտիրոսյանը:
Equinox-ի կարևոր նպատակներից է երաժշտության միջոցով նպաստել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացմանը ոչ միայն ամռան ընթացքում, այլև մյուս ամիսներին:
«Փառատոնային համերգները նախատեսվում են տարվա մեջ չորս անգամ, չորս տարբեր եղանակների և չորս տարբեր տարածքներում։ Նախընտրում ենք այն կազմակերպել պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցների տարածքներում։ Ընտրելու ենք նաև ոչ այնքան հայտնի հուշաձանները, ամրոցները. քանի որ սա առաջին փառատոնն է, նպատակահարմար գտանք այն անցկացնել Գառնու տաճարում, որը հանրայնացման խնդիր չունի»,-եզրափակում է Թովմաս Մարտիրոսյանն ու անմոռանալի երեկո խոստանում: