«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ապարանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում ունեցած իր ելույթում երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտին, արտաքին տնտեսական սպառնալիքներին և տարածքային անհամաչափ զարգացման կործանարար քաղաքականությանը:
Նախագահի գնահատմամբ՝ սա երկրի պատմության մեջ ամենակեղտոտ քարոզարշավն է, ինչի միակ պատասխանատուն անպատասխանատու իշխանությունն է: Ըստ նրա՝ գործող վարչապետը, նույնիսկ արձակուրդում գտնվելով, չի պահում իշխանական որևէ ստանդարտ, գոռգոռում է, թե ում պիտի նստեցնեն կամ ունեզրկեն, և երկրի կեսին գործակալ է հռչակում, այն դեպքում, երբ իսկական Թուրքիայի գործակալին բոլորը գիտեն:
Քոչարյանը շեշտեց, որ 2018 թվականից սկսված հասարակության պառակտման այս պրոցեսը թուլացնում է երկիրը, և ընտրություններից հետո իրավիճակը պետք է 180 աստիճանով շուռ տալ՝ հանուն միասնական Հայաստանի:
Ռոբերտ Քոչարյանը նախազգուշացրեց, որ իշխանությունների անպատասխանատու հայտարարություններին հետևում են նաև արտաքին աշխարհում, և մեծ պետությունների հասցեին հնչող հիմարությունների գինը վճարում է հայ ժողովուրդը: