Հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ Հայաստանում իշխանությունը կարող է ուղղակի հարձակվել եկեղեցու վրա, կամ մեր ինքնության դեմ այնպիսի հարձակում լինի, որ Արարատը փորձեն կռվացնել Արագածի հետ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«2021 թվականին փակվեց մշակույթի նախարարությունը՝ մեր ինքնությանը հարվածելու համար։ Փակվեց սփյուռքի նախարարությունը՝ սփյուռքը Հայաստանից օտարելու համար։ Փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, և այսօր տեսնում ենք գյուղի ու գյուղատնտեսության կտրուկ անկումը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն հայտնեց, որ այս ամենն արվում է երկրի դիմադրողականությունը թուլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի հանդուրժել 300․000 ադրբեջանցիների հավանական տեղափոխումը Հայաստան։ Նա տեղի ունեցողն անվանեց մեր ընդհանուր պատմության մեջ ազգի ամենամեծ դավաճանական ծրագիրը։
«Այսօր երեք խոշոր ընդդիմադիր ուժերի ցուցակների առաջին համարները քրեական գործերի տակ են։ Միայն մեր ցուցակում հինգ հոգի քրեական հետապնդման են ենթարկվում։ Գոռում են, թե Քոչարյանը պիտի նստի։ Ղարաբաղը չորս նախագահ ուներ, երեքը Բաքվի բանտերում են նստած, երևի պարտականություն է ստանձնել, որ չորրորդն էլ պիտի Հայաստանում նստի՞։ Սա՞ է ձեր ժողովրդավարությունը։ Սա դեմագոգիա է, ստախոսություն ու հիմարություն»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Որպես հակադրություն՝ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց իր կառավարման տարիները, երբ հիմնական ընդդիմադիր գործիչներն էին Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը և Արտաշես Գեղամյանը։ Նա մատնանշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որևէ ընդդիմադիր գործչի կամ նրանց թիմակիցների նկատմամբ երբևէ որևէ քրեական գործ հարուցված չի եղել։