«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ստեփանավանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը դիմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ լավ հիշում են, թե նրա պաշտոնավարման տարիներին ինչպես էին Ադրբեջանն ու Թուրքիան վախենում հայից, իսկ Ռուսաստանը՝ հարգում, և հարցրեց՝ արդյո՞ք հետագայում նույն կերպ է լինելու։
Քաղաքացու հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր ղեկավարման տարիներին Թուրքիան շատ չէր խառնվում և իրենց չէին նույնացնում Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը չէր համարձակվում որևէ քայլ անել։
«Ես չեմ ուզում հիմա այս խաղաղության օրակարգի շրջանակներում «վախենալ» բառն օգտագործել, բայց հարգելը՝ միանշանակ լինելու է։ Երբեք մենք այդ հնարավորությունը չենք տալու իրենց մտածել, որ կարող են մեզ նույն օրը գցել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց նա։
Երկրորդ նախագահի պնդմամբ՝ պատերազմի հիմնական պատճառն այն էր, որ թշնամու «աչքը կերավ»՝ տեսնելով Հայաստանի ներսում կատարվողը։
«Առաջինը՝ հասարակությունը պառակտեցին հին ու նորի, հարուստի ու աղքատի։ Երկրորդը՝ բանակից հեռացրին բոլոր փորձառու գեներալներին ու գնդապետներին, որովհետև չէին վստահում։ Հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրին, բանակցային գործընթացն էլ ձախողեցին։ Երեք հսկա պետություն՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, 25 տարի բանակցել ու ինչ-որ մի կետի էին հասցրել, մեկ էլ փոքր Հայաստանում մի հոգի գալիս, ասում է՝ դուք ո՞վ եք, ես իմ զրոյական կետից եմ սկսում։ Ու դրանով իդեալական պայմաններ ստեղծեց Ալիևի համար։ Վստահ եղեք, որ ամեն ինչ փոխվելու է, մենք այն քաղաքական ուժը չենք, որ գա ու ասի՝ զրոյական կետից եմ սկսում»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև բյուջետային հիմնարկների, դպրոցների ու մանկապարտեզների աշխատողների շրջանում տարածվող այն վախերին, թե ընդդիմության գալուց հետո իրենց աշխատանքից կհեռացնեն։
«Այդ վերևի ՔՊ-ականներին, այո՛, ազատելու ենք։ Բայց այն քաղծառայողը, այն մարդը, որ դպրոցում կամ մանկապարտեզում է աշխատում, պետական համակարգում է, ինչո՞ւ պիտի ազատվի։ Հակառակը՝ այդ մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգալու։ Իրենց չեն գալու ասեն՝ եթե Facebook-ում ինչ-որ տեղ լայք դնես, քեզ գործից կհեռացնենք։ Մենք գալիս ենք նաև այդ մարդկանց ազատելու այս վիճակից։ Հիմա մի հատ լայք դնելու համար դպրոցի ուսուցչին կամ մանկապարտեզի աշխատողին գործից ազատում են։ Գետինը չե՞ք մտնում, ամոթ չե՞ք անում»,- ասաց Քոչարյանը։
Հանդիպման ավարտին ստեփանավանցիները արձագանքեցին, որ ցանկանում են տեսնել իրենց առաջվա խիստ, բայց արդար նախագահի վերադարձը։