«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ հարցին, թե արդյոք պետությունը լավ կառավարիչ է, թե ոչ, արդյո՞ք պետական պաշտոնյաները մասնավոր ոլորտին վերաբերող ծառայությունների տեսանկյունից, լավ կառավարիչ են, թե ոչ։
Նրա դիտարկմամբ՝ միջազգային փորձը, այս հարցին ուղիղ պատասխան է տվել, որ՝ ոչ, լավ կառավարիչ չէ։ «Ավելին, միջազգային փորձը ասում է, որ այդ ամենից իրապես կոմունիզմի կամ «կարմիր գույնի» մշակույթի հոտն է գալիս։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում: Կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում: Այս մոդելը որտեղի՞ց է վերցվել։ Ասում են, չէ՞, «Միջազգային լավագույն փորձ», էդ որտեղից է գալիս։ Օրինակ, մի հատ կասե՞ք եվրոպական ժամանակակից մի երկիր, օրինակ Շվեդիան, որը ամեն կերպ ուզում է մասնավոր ընկերություններում փայաբաժին ունենա, ոնց որ չի լինում, չէ, բա ինչի ա Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղով գնում»։
Նա նաև հարց ուղղեց, թե պետության կողմից նշանակված կառավարիչներին ներկայացվող պահանջները որո՞նք են, չափորոշիչները որո՞նք են։ «Պետության կողմից որակյալ ծառայություն և բարձր վարձատրություն ենթադրող անձանց նշանակման չափանիշը ո՞րն է։ Եթե անկեղծ լինենք՝ դրա չափանիշը մեկն է,լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ կամ փոխկապակցված լինելը; Ես հասկանում եմ ձեր գործընկերն է, բայց խնդրում եմ ասեք՝ Ռոմանոս Պետրոսյանի մասնագիտական կարիերայի տեսանկյունից, ո՞րն էր այն չափորոշիչը, ըստ որի՝ դուք գնահատեցիք, որ հենց ինքը կարող է լինել ՀԷՑ-ի լավագույն կառավարիչը։
Ես վստահ եմ՝ կլինի անկախ աուդիտ՝ պարզելու համար արդյունավետությունը, բա որ պարզվի արդյունավետությունը լավը չէ, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»։