1014 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-25 13:55
Քաղաքական խաղադաշտ

2018թ. ին ասում էիք՝ Սաշիկը փայ է մտնում, մարդկանց կեղեքում է, ու՞ր է հիմա, ինչու՞ չպատժվեց. լրագրողը՝ Փաշինյանին

2018թ. ին ասում էիք՝ Սաշիկը փայ է մտնում, մարդկանց  կեղեքում է, ու՞ր է հիմա, ինչու՞ չպատժվեց. լրագրողը՝ Փաշինյանին

Ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու, ոչ մեկ դուրս չի մնացել ու չի կարող դուրս մնալ, բացառվում է, որ որևէ մեկը պլստա։ «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան՝ այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Սաշիկ Սարգսյանի կալանքը վերացնելու որոշմանը և լրագրողի դիտարկմանը, թե նա հիմա դուրս է մնացել պատժվողների թիրախից։
Փաշինյանը հիշեցրեց, որ Սաշիկ Սարգսյանը դեռևս 2018 թվականին պետությանն արդեն իսկ վերադարձրել է 29 միլիոն դոլար։ Ինչ վերաբերում է դատական վերջին որոշումներին, Փաշինյանը շեշտեց, որ առանձին գործերով կարող են նման որոշումներ կայացվել, քանի որ ինքն անձամբ էլ խնդիրներ է տեսնում դատաիրավական համակարգում։

«Մեր դատաիրավական համակարգը պատշաճ ձևով չի սպասարկում ժողովրդի կամքը։ Ես ևս այդտեղ պրոբլեմ եմ տեսնում։ Կարդարացնեն էլ, կազատեն էլ, հլը մի հատ էլ կարող է մեր վրա պարտավորություն դնեն՝ ասեն՝ թալանվածը դուք պիտի վերադարձնեք թալանչուն, չեմ զարմանա։ Բայց եթե որևէ մեկը ձեզ կասի, թե ես կամ մեզնից որևէ մեկը այդ կատեգորիայի մարդկանց հետ որևէ կոմպրոմիսի է գնացել, դա կարելի է բնորոշել միայն մի բառով՝ սուտ։ Ասել եմ՝ հատիկ-հատիկ հետ ենք բերելու։ Կարող են մեկ, երկու, երեք անգամ պլստալ, բայց մեկ է՝ չեն պլստալու»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետության և համայնքների գույքի վերականգնման պրոցեսն անդադար առաջ է գնում, և արդեն իսկ վերադարձվել է ավելի քան 770 միլիոն դոլարի գույք, թեև իրական ծավալները շատ ավելի մեծ են, քանի որ բազմաթիվ դեպքեր պաշտոնական հաշվետվություններում դեռ ներառված չեն։
Որպես օրինակ Փաշինյանը նշեց Երևանի քաղաքապետի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների արդյունքում Կոմիտասի այգին վերադարձվել է համայնքին։

«Միլիարդների ունեցվածք է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, և որևէ մեկի անհանգստանալու կարիքը չկա՝ որևէ մեկը դուրս չի մնա»,- հավելեց նա։