513 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-10 09:42
Հայաստանով մեկ

Ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել

Ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։
 
Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։
 
Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։

Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։