375 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-27 07:15
Օրենքի դաշտում

Կալանավորված տիկտոկեր Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ. փաստաբան

Կալանավորված տիկտոկեր Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ. փաստաբան

Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել փաստաբան Ռոման Երիցյանը։

«Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Հայկի կալանավորման միջնորդության 4-ժամյա քննության արդյունքում դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 10:30-ին Սևանի դատարանում (դատավոր Արամ Մարտիրոսյան)։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե՛ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե՛ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե՛ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը»,-գրել է նա։