Սասուն Միքայելյանը վիրավորվել է, և, օրինակ, երեկվա հանրահավաքի ժամանակ ինքը ժամանակ առ ժամանակ ստիպված էր բեմից իջնել, որովհետև չէր կարողանում կանգնել քանի որ ծանր վիրավորում է ստացել պատերազմի ընթացքում։ «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով, թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ ՔՊ-ականներից որևէ մեկը չի զոհվել։
«Իմ խոսույթը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի փսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին։ Դա ճիշտ խոսույթ է, որովհետև նրանք, քիչ չէ, բառիս բուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են ու ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ իր նպատակն է արմատախիլ անել այդ շրջանակների ազդեցությունը Հայաստանում, քանի որ նրանք, լինելով հասուն տղամարդիկ, բացի փախչելուց որևէ այլ բանով չեն զբաղվել։
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ոչ թե նրանց, ովքեր կարող էին զոհվել ու չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են ոչ մի պարագայում չզոհվելու ճանապարհը, մինչդեռ իր որդու խրամատից ծառայակիցներ են զոհվել, և իր ընտանիքն էլ եղել է Ղարաբաղում։
Փաշինյանի պնդմամբ՝ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելն ունեցել է մեկ նպատակ՝ Մեղրիով միջանցք ստանալուց հետո Հայաստանի պետականությունը ծնկի բերելը։
«Մենք այդ բոլոր պլանները ձախողել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Սյունիքն ու Մեղրին հանձնելու պլան է եղել, որը հրապարակված փաստաթուղթ է։ Այդ պլանի իրագործման համար է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, և ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանվել է։ Այդ փսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն, թե ինչու իրենք առաջնագծում չեն եղել ու փախել են»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այդ շրջանակները թույլ չեն տալիս արցախցիներին տնավորվել, մինչդեռ պետությունը պլանավորել է առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացնել, որպեսզի ժողովուրդը դուրս գա գաղթականի հոգեբանությունից։
«Այդ փոքր, փախած փսևդոէլիտան չի ուզում հանգիստ տալ ժողովրդին։ Նրանք Ղարաբաղում մարդկանց պատանդ են պահել, հիմա էլ մեր քույրերին ու եղբայրներին ուզում են Հայաստանում պատանդ պահել։ Չի՛ լինելու այդպիսի բան։ Ապօրինի գույքի բռնագանձման համակարգով հատ-հատ այդ տասնյակ և հարյուրավոր տները ձեռքներից առնելու ենք, և ես, այդ թվում, դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից»,- նշեց Փաշինյանը։